Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը բացառապես թվային համակարգով իրականացնելու ժամկետը փոխվել է

ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Որոշում է կայացվել հարցը քննարկել հրատապ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ներդրվել է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ, որով սահմանվել է՝ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումն իրականացվելու է բացառապես թվային համակարգով: Ինչպես նաեւ որոշվել էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակ տրամադրել գործող աշխատանքային պայմանագրերի թվայնացման համար: «Գործընթացը ենթադրում է նաեւ էլեկտրոնային ստորագրությունների առկայություն: Որքան էլ որ նախատեսվել էր բավարար ժամանակահատված, այնուամենայնիվ, շատ քաղաքացիներ ժամանակին ձեռք չեն բերել նույնականացման քարտ, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն: Փաստացի, որոշ քաղաքացիներ կարգավորումներն ուժի մեջ լինելու պատճառով զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց»,- նշել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ առաջարկվում է թույլատրել շարունակել թղթային տարբերակով աշխատանքային պայմանագրեր կնքելը՝ մինչ բոլոր քաղաքացիները կունենան նույնականացման քարտ:

Օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը եւ լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով նույնականացման քարտերի թողարկմանը, հասանելիությանը, թղթային եւ էլեկտրոնային տարբերակով աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքերին վերաբերող հարցերին:

Ազգային ժողովը քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենքի նախագիծը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Նախագիծը համալրվել է նոր՝ ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով:

Առաջին ընթերցման ընթացակարգում առաջարկվել էր աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը եւ լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ արդեն իսկ աշխատող անձանց թղթային պայմանագրերն էլեկտրոնային դարձնելու գործընթացը սահուն կազմակերպելու համար առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվել է այն փոփոխել եւ ժամկետ սահմանել 2027 թվականի հուլիսի 1-ը:

Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի առաջարկով ընդունվել է հետադարձության սկզբունքի կիրառման դրույթը. իրավահարաբերությունները տարածվելու են 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Քվեարկությամբ նախագիծն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ