![]()
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ կունենա փոփոխվող աշխարհի մասին ուղերձով։
«Կարծում եմ՝ վճռորոշ պահ է։ Աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքերի առաջ։ Այն հին աշխարհը, որում ես մեծացել եմ, այլևս գոյություն չունի։ Մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, որը կպահանջի վերագնահատել, թե ինչ տեսք կունենա այն և ինչպիսին կլինի մեր դերը»,- լրագրողներին ասել է Ռուբիոն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի մասին է խոսելու Մյունխենում եվրոպացիների առջև:
Նրա խոսքով, համաժողովի մասնակիցները ցանկանում են անկեղծ ուղերձ Միացյալ Նահանգներից այն մասին, թե ուր է գնում երկիրը և ինչպիսի հարաբերություններ է ցանկանում ունենալ իր դաշնակիցների հետ։
Մյունխենի անվտանգության համաժողովը անցկացվելու է փետրվարի 13-ից 15-ը, որին մասնակցելու են մոտ 65 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև ավելի քան 90 երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ։
![]()