![]()
«Օրերս տեղի ունեցած 13-ամյա անչափահասի միջադեպի մասով ես խստացրել եմ նախարարության քաղաքականությունը: Եթե կան դեպքեր, երբ անչափահասները կատարում են որոշակի արարքներ, որտեղ պետության խիստ արձագանքը պիտի լինի, էդ արձագանքը պիտի լինի»:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նա ափսոսանք է հայտնել, որ նման դեպքերում ուսումնական հաստատությունները լռում են: Սարգսյանի խոսքով՝ այս առումով համատեղ աշխատանքներ ունեն իրականացնելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:
«Եվ եթե կան էնպիսի իրավիճակներ, երբ ուսումնական հաստատությունը չի տեղեկացնում իրավապահ համակարգին դեպքի մասին, սա գովելի չէ, այլ ընդհակառակը՝ պիտի արձագանք լինի, քանի որ մենք բոլորս ենք պատասխանատու այս փուլում»,- նշել է նախարարը:
Ըստ նրա՝ ուսումնական հաստատությունից չի եղել որևէ ազդակ, որ նմանատիպ իրավիճակ կա կոնկրետ ուսումնական հաստատությունում:
«Ինչքան էլ ծնողները պնդեն, որ երեխան սայթաքել, վնասվել, ընկել, կոտրել է ոտքը, ձեռքը, մենք իմանում ենք, որ եղել է ծեծկռտուք, որի հետևանքով անչափահասը ունի կոտրվածք, կամ պայմանական ցնցում, բոլոր դեպքերը օպերատիվ աշխատանքով ենք պարզում»,- ասել է նախարարը:
Սարգսյանը կարևորել է անչափահասների ճիշտ վարքագծի, ճիշտ կենսակերպի կազմակերպման գործառույթը, քանի որ ըստ նրա՝ առաջիկա տարիներին հենց այս անձանց վարքագծի ճիշտ չկառավարման արդյունքում ենք ականատես լինելու հանցավորության շրջանում տարբեր դրսևորումների:
Անդրադարձ կատարելով հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց հարցերին՝ նախարարը ընդգծել է. «Այս տարի մենք ունեցել ենք հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանությունների կատարման աճ: Ունեցել ենք անձինք, որոնք հարկադիր բուժումը ավարտել, վերադարձել են ընտանիք և կրկին նույն վարքագիծն են ցուցաբերել:
Ունեցել ենք նաև դեպք, երբ անձը հաշվառված չի եղել որպես հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիր ունեցող անձ, բայց վարույթի շրջանակում որոշակի փորձաքննության արդյունքում տվյալներ են դուրս բերվել»:
Արփինե Սարգսյանը հավելել է, որ սա այն ոլորտն է, երբ աշխատանքի տեղ կա, որպեսզի պարզ լինի, թե հանրային առողջապահական համակարգը և համայնքը ինչպես պիտի արձագանքեն այս դեպքերին, որ հետագայում բացասական ելքեր չլինեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու: Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին:
Սպիտակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծի են ենթարկել երեք համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը:
![]()