![]()
Տարբեր պետությունների շահերի համատեղում վարչապետի պաշտոնում գոնե թե ես չեմ պատկերացնում: Այդ մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն մի քանի երկրների քաղաքացիություն ունի, բայց վարչապետի թեկնածու է առաջադրվել ՀՀ-ում:
«Մեր քաղաքացիության ինստիտուտը դեֆորմացված է, և մենք պրակտիկայում տեսնում ենք հենց այսպիսի դեֆորմացիաների արդյունքը:
Ես բնավ երկքաղաքացիության ինստիտուտին դեմ չեմ, շարունակելու ենք երկքաղաքացիության ինստիտուտը, բայց հատկապես սահմանադրական տարբեր պաշտոնների և վարչապետի պաշտոնի դեպքում ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու, որի շահերի կենտրոնը կլինի միայն ՀՀ-ն:
Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն ՀՀ-ն է:
Մի քանի երկրների քաղաքացի լինելով՝ պիտի նկատի ունենանք, որ այդ քաղաքացիությունն արհեստական երևույթ չէ, զուտ անձնագիր չէ, զուտ թուղթ չէ: Քաղաքացիություն ստանձնելով՝ դու երդվում ես լինել հավատարիմ տվյալ պետությանը, նվիրվել տվյալ պետությանը, և լինելով մի քանի երկրների քաղաքացի՝ մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերին ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին:
ՀՀ-ի դեպքում վարչապետ և վարչապետի թեկնածու պիտի լինի միայն այն անձը, ում շահերի կենտրոնը միայն ՀՀ-ն է, այսինքն՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի մասին եմ խոսում:
![]()