![]()
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարին Սամվել Կարապետյանը ելույթ ունցավ արհեստական բանականության միջոցով։ Թե ինչո՞ւ նա դա չարեց սովորական տեսաուղերձով, քանզի դատարանը հանել էր նրա վրայից հրապարակային հայտարարություններ անելու արգելանքը, նրա թիմակից և փաստաբան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, թե իբր մտավախություն են ունեցել, որ տեսաուղերձը կարող է արգելված լինել, հարցում են ուղարկել Քննչական կոմիտե և դատախազություն՝ հասկանալու համար՝ արդյոք կարո՞ղ է Կարապետյանը տեսաուղերձ հղել։ Ըստ Վարդևանյանի՝ Քննչական կոմիտեից այնպիսի պատասխան են տվել, որ տեղիք է տվել մտածելու, որ Կարապետյանը չի կարող տեսաուղերձ հղել, իսկ Դատախազությունից առհասարակ չեն պատասխանել։
Civic.am-ը հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ի՞նչ են պատասխանել Կոմիտեից, որ Սամվել Կարապետյանի թիմը հասկացել է՝ իբր վերջինս չի կարող տեսաուղերձով հանդես գալ։ Քննչական կոմիտեի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Ի պատասխան Քննչական կոմիտե ստացված Սամվել Կարապետյանի պաշտպանի դիմումի, որով վերջինս խնդրել է պարզաբանել՝ արդյոք դատարանի որոշմամբ թույլատրվա՞ծ է իր պաշտպանյալին հանդես գալու հրապարակային խոսքով, մասնավորապես՝ տեսաուղերձով, նախաքննական մարմինը գրավոր պարզաբանում է ներկայացրել առ այն, որ դատական ակտը մեկնաբանելու լիազորություն չունի: Հետևաբար պնդումը, թե «Քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու համար», չի համապատասխանում իրականությանը», — ասված է Կոմիտեի պատասխանում:
Ակնհայտ է դառնում, որ Սամվել Կարապետյանը դիմել է AI գործիքի օգնությանը ոչ այն պատճառով, որ Դատարանը, Քննչականը կամ Դատախազությունը թույլ չեն տվել, այլ որովհետև չունի կապակցված խոսք ու հետևաբար՝ նաև միտք։
![]()