![]()
Բժիշկ, հասարակական և մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ այն վերտառելով «Ծայրագավառային մտածողությամբ ուժեղ և կուշտ ղեկավարները»:
«Հայ-ամերիկյան պատմական ու դարակազմիկ համագործակցության այս օրերին ավելի ցցուն, անթաքույց դրսևորվեցին անզուսպ նախանձի, ատելության, անեծքի, կեղծելու և խեղաթյուրելու կրքերը։ Խղճուկ և ողորմելի, տրամաբանությունից ու բանականությունից զուրկ իրավիճակում հայտնվածները հոգեվերլուծության և հոգեբուժության բացառիկ մատերիալ են։ Սարսափելի տխուր, ընկճված վիճակ, որ չկարողացան փոքր-ինչ զսպել իրենց, ուժ չգտան լիցքաթափվելու, թունազերծվելու, խեղդվում ու մեռնում են իրենց թույնի մեջ։ Ուղեղի մորմոքի մի քանի տիպական օրինակներ. ոմանք Վենսի այցը համարեցին աղետ, իսկ TRIPP-ը՝ անվտանգության սպառնալիք, ոմանք գուժեցին գերտերության պոլիգոն դառնալու, Սյունիքը վերջնականապես ծախելու «փաստը», ոմանք էլ ամերիկյան ատոմակայանի կառուցումը համարեցին սահուն կերպով ատոմային էներգետիկայի փակման ծրագիր, Ալեն Սիմոնյանի Վենսին դիմավորելու ու ճանապարհելու, Աննա Հակոբյանի հագուստի հարցերը ևս չանտեսվեցին։
«Եթե Վենսը չհանդիպի վեհափառին, ուրեմն Հայաստանի բացահայտ թշնամին է»,- այսպիսի «հայրենասիրական» միտք էլ հնչեցվեց։
Զանգեզուրի միջանցք բառակապակցությունն է՛լ ավելի հաճախ իրենք են օգտագործում, քան անգամ Ադրբեջանում։
Իրենց լրատվամիջոցներն էլ ողողված են պատրոնների զարմանահրաշ արտահայտություններով․ Գալուզինը առաջարկում է ՌԴ-ի պատրաստակամությունը ավելի որակով և մատչելի ատոմակայան կառուցելու, Կոպիրկինը հայտարարում է, թե ՌԴ-ն շահագրգիռ է ՀՀ-ի ինքնիշխանության ամրապնդման հարցում։
Գործ են տալիս ՌԴ-ին և Իրանին, բացատրում և դրդում Իրանին TRIPP-ի պատճառով Հայաստանից եկող վտանգների մասին։
Մի խոսքով՝ Նիկոլից ազատվելու համար կարելի է պետականությունը վարի տալ։
Իրենք էլ հայեր են, մեր հայրենակիցները, բայց ցավալիորեն նման են այն նարկոմանին, խաղամոլին ու հարբեցողին, որ բուժվել չի ուզում և դրանից էլ մեռնել է ուզում։
Ի՞նչ է նշանակում պայքարել սեփական անկախության և պետականության, սեփական ազատության և ինքնության դեմ, ինքդ քո դեմ։ Սա մազոխիզմ է, ռսահպատակության գենետիկ ամրակայում։ Ադրբեջանը դադարեց ՌԴ-ի բութ գործիքը լինել ու պահպանել խաղաղությունը․ դա հաջողվեց մեր դիվանագիտությանը։ Առ այսօր մեզ չի հաջողվում զսպել ՌԴ-ի հայաստանյան ներքին գործիքներին։
Ուժեղ Հայաստանի կուշտ ղեկավարները առաջին քայլերն են անում՝ սահմանադրական կարգի խախտմամբ առաջադրվելու, ապա սահմանադրական արգելքը «իրենց ձևով» հաղթահարելու։
Իսկ մի՞գուցե կուշտ ու ուժեղ են անկախ պետականության և ինքնիշխանության դեմ պայքարում ռուսական աջակցությամբ։ Սեփական պետականությունը ծայրագավառի կարգավիճակում պահելու ջանքերից ուղղակի հնարավոր չէ չտագնապել: Սա արդեն ծանր հոգեկան ախտաբանություն է, պայքար սեփական ինքնիշխանության և պետականության, ժողովրդավարության և խաղաղության դեմ։
Պետականակործան տարրերին հակացուցված է քաղաքական գործունեության ծավալումը, տագնապալի է անգամ նման ընդդիմության առկայությունը։
Ժողովրդավարությունը օրենքի ողջ խստությամբ պաշտպանելու անհրաժեշտությունը ուղղակի հրամայական է։
Ահա այստեղ է, որ միասնական հետևողական ջանքեր գործադրելու խնդիր ունենք, մեր պետականության անվտանգության պահպանումը հրատապ պահանջում է մաքրել ներքին աղբը, ինչին կանդրադառնամ հետայսու»,- գրել է նա:
![]()