«Ուժեղ Հայաստան»-ը հակաօրինական կազմակերպություն է. նրանց գործունեությունը պետք է կասեցվի․ Արշակյան

Երեկ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան»  կուսակցության  պրեզենտացիան, որի ժամանակ հայտարարվեց, որ նրանց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։

Նրա խոսքով՝ նախևառաջ զարմանալի է, որ քրեական ծանր հանցագործության մեջ մեղադրվող մարդը կուսակցության կողմից հայտարարվում է ապագա վարչապետ, ինչն արդեն շատ վտանգավոր է։

«Սամվել Կարապետյանը հայտարարել է, և իր կողմնակիցների հայտարարությունը կա, որ նրանք դեմ են Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը, ուղղակի մերժում են ՀՀ-ի արևմտյան կողմնորոշումը, իսկ ՀՀ-ում 1991 թվականին եղել է անկախության հանրաքվե և վերջերս ստորագրահավաք՝ ԵՄ-ին միանալու խնդրանքով կամ պահանջով, որը դարձել է օրենք։ Այսինքն՝ Սամվել Կարապետյանը և իր կողմնակիցները հայտարարել են, որ  իրենք դեմ են ԵՄ-ին, դեմ են ԱՄՆ-ին, Արևմուտքին ընդհանրապես»,- ասաց Ազատ Արշակյանը։

Խոսելով նաև այն մասին, որ այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց, որ հունիսի 7-ից հետո ԱԺ առաջին նիստին իրենք հանդես կգան համապատասխան օրենսդրական փոփոխությամբ, որպեսզի փոխեն Սահմանադրության 148-րդ հոդվածը և ըստ էության դա համապատասխանեցնեն այնպես, որպեսզի Սամվել Կարապետյանը հանգիստ դառնա վարչապետ, Ազատ Արշակյանն ասաց, որ «Մեր ձևով» շարժումը, որը հիմա դարձավ «Ուժեղ Հայաստան», ընդհանրապես հակասահմանադրական է, ապօրինի։

Ազատ Արշակյանի խոսքով՝ նրանց գործունեությունը պետք է արգելվեր օրենքի ուժով, մարդիկ հայտարարում են, որ դեմ են օրենքին, որով Հայաստանը հռչակվել է անկախ, և այն օրենքին, որով Հայաստանը կողմնորոշվել է դեպի Արևմուտք. նրանք հակաօրինական կազմակերպություն են։

«Բացի դրանից, նրանք աջակցություն են հայտնել այն հոգևորականներին, Հայաստանում գործող կրոնական կազմակերպության բարձր պաշտոնյաներին, որոնք կոչ են արել Հայաստանում բռնությամբ, զինված ուժերով, զանգվածային անկարգություններով իշխանափոխություն կազմակերպել։ Այդպիսի ձգտումներ, երազներ ունեցող կազմակերպությունը ՀՀ-ում պետք է արգելվի, նա չի կարող քաղաքական հավաքներ անցկացնել, չի կարող երթեր, ցույցեր, հայտարարություններ անել։ Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք արդարադատության համակարգի անգործության հետ։ Նրանք իրավունք չունեին այդ համագումարն անելու՝ օրենքի ուժով։ Այսինքն՝ ձուկը ծովում, նրանք արդեն բազար են անում։ Նրանք դեռ նույնիսկ ԱԺ չեն հասել, արդեն Հայաստանի Հանրապետությունը դեպի լուծարում են տանում։ Այդպիսի օրենքները, այն, ինչ նրանք առաջարկում են, նշանակում է լուծարել հայկական պետությունը։ Ես հուսով եմ, որ արդարադատության համակարգը կաշխատի, և նրանց գործունեությունը կկասեցվի»,- նշեց Ազատ Արշակյանը։

Ի հավելումն նա ասաց, որ գործը չպետք է մինչև ԿԸՀ հասնի, նրանք իրավունք չպիտի ունենան դիմելու ԿԸՀ, իսկ ԿԸՀ-ն, իհարկե, պետք է չգրանցի նրանց հայտը, եթե գործը հասնի դրան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ