Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին մեղադրանք է առաջադրվել դատական արգելքը շրջանցելու և Բուլղարիայում ընկերության բաժնեմասերը 23.85 միլիոն եվրոյով վաճառելու համար

Մեղադրական եզրակացության համաձայն, Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով՝ կայացման պահից օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտ չկատարելու համար:

Մեղադրանքի համաձայն, 2023 թվականի օգոստոսի 10-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է «Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» թիվ ՀԿԴ/0041/03/23 որոշումը, որով Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին անժամկետ արգելվել է Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: 2023 թվականի օգոստոսի 11-ին տրվել է կատարողական թերթը:

Տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում 2023 թվականի օգոստոսի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի գլխավոր խորհրդատու Հ.Առուստամովի կողմից որոշում է կայացվել, որով Գագիկ Ծառուկյանին և Ջավահիր Ծառուկյանին արգելվել է «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Գագիկ Ծառուկյանին որոշումն առձեռն հանձնվել է 2023 թվականի օգոստոսի 24-ին նրա բնակության վայրում, իսկ Ջավահիր Ծառուկյանը դիմումով հայտնել է, որ ստացել է ուղարկված որոշումը:

Սակայն դատական ակտի վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում Գագիկ Ծառուկյանը և Ջավահիր Ծառուկյանը անտեսել են դատական ակտի պահանջները և նպատակադրվել են չկատարել դրանք: 2024 թվականի փետրվարի 19-ին Կոտայքի մարզի նոտարական տարածքում Գագիկ Ծառուկյանը նոտարական ակտով Դավիթ Մանթաշյանին տվել է լիազորագիր, որով լիազորել է ներկայացնել իրեն իր՝ «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության կապիտալի 90 տոկոսի սեփականատիրոջ կարգավիճակում, բաժնետոմսերը տնօրինել իր հայեցողությամբ՝ ընտրելով գործարքի տեսակը, դրա պայմանները և այն անձանց, ում հետ նա բանակցում է, այդ թվում՝ վաճառելով դրանք: Նույն կերպ Ջավահիր Ծառուկյանը նույն օրը տվել է լիազորագիր Դավիթ Մանթաշյանին իր՝ ընկերության կապիտալի 10 տոկոսի սեփականատիրոջ կարգավիճակում բաժնետոմսերը տնօրինելու համար:

2024 թվականի մարտի 8-ին Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում տեղի է ունեցել «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նիստ, որին Գագիկ Ծառուկյանը և Ջավահիր Ծառուկյանը ներկայացված են եղել իրենց լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանի միջոցով: Ժողովի ընթացքում որոշումներ են կայացվել Գագիկ Ծառուկյանի և Ջավահիր Ծառուկյանի դիմումները բավարարելու, վերջիններին որպես բաժնետեր ազատելու, Գագիկ Սայադյանի և Ցվետանկա Վալչևայի դիմումները բավարարելու և վերջիններին որպես բաժնետեր ընդունելու մասին:

Նույն օրը՝ 2024 թվականի մարտի 8-ին, Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում կնքված պայմանագրով Գագիկ Ծառուկյանը և Ջավահիր Ծառուկյանը, հանդես գալով լիազորված անձ Դավիթ Մանթաշյանի միջոցով, «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության իրենց բաժնեմասերը, մասնավորապես Գագիկ Ծառուկյանը իր՝ 90 տոկոս, իսկ Ջավահիր Ծառուկյանը՝ 10 տոկոս բաժնեմասը, շուրջ 10.491.138.000 ՀՀ դրամին համարժեք 23.850.000 եվրո գումարով վաճառելու միջոցով օտարել են Գագիկ Սայադյանին և Ցվետանկա Վալչևային՝ այդ կերպ դիտավորությամբ կատարելով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2023 թվականի օգոստոսի 10-ին կայացված դատական ակտով արգելված գործողություն:

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ Ջավահիր Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը՝ 10.000.000 ՀՀ դրամի չափով: Հանրային մեղադրողը Հովհաննես Բաղյանն է:

2026 թվականի հունվարի 19-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում է կայացրել քրեական գործով ստանձնել վարույթ և նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակել 2026 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 12:30-ին, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրի թիվ 1 դահլիճում՝ դռնբաց դատական նիստում:

Սակայն 2026 թվականի հունվարի 26-ին նշանակված դատական նիստը չի կայացել դատավարության մասնակիցների բացակայության պատճառով, որոնց պատշաճ ծանուցման վերաբերյալ հետադարձ հավաստագրեր առկա չեն: Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 2026 թվականի փետրվարի 23-ին,- տեղեկացնում է Iravaban.net–ը։

Ծանուցում. Մեղադրյալները համարվում են անմեղ, քանի դեռ նրանց մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր նկարը՝ համացանցից

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ