![]()
Երևանի կրկեսի շենքը ավելի քան 10 տարի տևած «ռեմոնտից» հետո ամիսներ առաջ վերջապես շահագործման հանձնած Սամվել Տաշիրցին՝ նույն ինքը ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը, որոշել է կրկեսի արենայի վերածել նաև երկիր հայրենին՝ մասնավորապես «ռեմոնտի» ենթարկելով նաև դրա Մայր օրենքը՝ Սահմանադրությունը։ Քանի որ Սերժ Սարգսյանի օրոք գրված Սահմանադրությունը իր՝ Տաշիրցու «հագով» չէ, մասնավորապես վարչապետի համար «կարված կոստյումը», ուստի Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը ծառայած իրավաբանական թիմը որոշել է «պերեդելկա անել» կոստյումին վերաբերող դրույթն ու հարմարեցնել Կարապետյանի «ֆիգուրային»։
ՀՀ Սահմանադրությունը, ինչպես գիտենք, վարչապետին (որպես Կառավարության անդամի) ներկայացնում է նույն պահանջները, ինչ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին։ Եվ ուրեմն, ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Ու քանի որ «Կալուգայի Սամվելը» վերջին չորս տարում չի հանդիսանում ՄԻԱՅՆ ՀՀ քաղաքացի, ուստի նախկին ռեժիմի իրավաբան-«կուտյուրեները» խելք խելքի են տվել ու գտել ելքը՝ կոստյումն այնպես կարել-կարկատել, որ «բազմաքաղաքացի» գործարարը կարողանա հագնել այն ու․․․ մեկ դրամով ՀՀ վարչապետ աշխատել։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ «իշտահներիդ քացախ»։ Տաշիրականների «իշտահը» նրանց համոզել է, որ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների ժամանակ կկարողանան գայթակղել ժողովրդին էժան դեղերի, հարկերից ազատված փոքր բիզնեսի ու 300 հազար աշխատատեղերի և այլ ճաճանչափայլ խոստումների բլեֆով, կկարողանան վերցնել իշխանությունը՝ ԱԺ-ում լինելով մեծամասնություն, ու կկպնեն գործի՝պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդով կփոխեն Սահմանադրության վերոհիշյալ հոդվածն ու․․․ «Սամվել, վարչապետ»։ Բայց, ամենացինիկն այս ողջ պատմության մեջ այն է, որ երկքաղաքացի Սամվել Կարապետյանը միայն այն դեպքում կհրաժարվի ՌԴ քաղաքացիությունից, երբ իր քաղաքական պրոյեկտը ԱԺ-ում կարողանա ստանալ իր ուզած «օտ կուտյուր» կոստյումը։ Իսկ եթե ոչ․․․ Սամվել Կալուժսկին կշարունակի մնալ ՌԴ քաղաքացի՝ թքած ունենալով վարչապետի պաշտոնի վրա, ճիշտ այնպես, ինչպես ամիսներ առաջ թքած ուներ իր բիզնեսներից մեկի՝ ՀԷՑ-ի վրա։
Հ.Գ. Իսկ նախքան այդ պետք է պարզել, թե ինչո՞ւ բիզնեսմեն, «Ֆորբսի» ցուցակում հայտնված Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս որոշումը ոչ թե նրանն է, այլ՝ թելադրված հայտնի կենտրոնից։ Այն կենտրոնի, որի «գլխից» գործող իշխանությունը «թռել է», «դավաճանել»՝ գնալով դեպի հավաքական արևմուտք՝ ԵՄ-ին անդամակցության գործընթաց է սկսել, ԱՄՆ-ի հետ էլ պատրաստվում է ԹՐԻՓՓ գործարկել, ռազմավարական գործակցության նոր հորիզոններ նվաճել։ Հայաստանը, ինչպես կասեր Սամվել Կարապետյանի հետ սերտ կապով կապված Ռ․ Քոչարյանը՝ «թարազուի» բերելու համար, արդ, արտաքին կենտրոնը պետք է մի բան աներ՝ մարդ գործուղեր Հայաստան՝ դրանից բխող «ուժեղ Հայաստան»-ով։
Հիշեցնենք՝ երբ 2024-ին փողոցում բարձրաստիճան հոգևորականի առաջնորդությամբ եռում էր իշխանափոխության պահանջով հերթական շարժումը՝ հայտնի որպես «սրբազան շարժում», եկեղեցու պաշտպան Սամվել Կարապետյանը անհաղորդ էր այդ կարևոր իրադարձությանը։ Այն աստիճան, որ բիզնես ֆորում էր կազմակերպել, որի շրջանակներում ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում միանշանակ պնդել էր՝ քաղաքականությամբ զբաղվելու ոչ մի ցանկություն չունի։ Հարցին՝ մեծ կապիտալ ունեցող մարդիկ նաև քաղաքականությամբ են զբաղվում, դուք երբևէ չե՞ք մտածել այս ուղղությամբ, Կարապետյանը պատասխանել է. «Մտածել եմ, ամեն օր եմ մտածում այդ ուղղությամբ ու ամեն օր համոզվում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իրեն գործով։ Ինձ դուր է գալիս իմ գործը, ես ստեղծագործող, բարիքներ ստեղծող մարդ եմ, քաղաքականության մեջ մտած մարդիկ, ինձ թվում է, ավելի շատ սպառողներ են։ Դրա համար ես մտադիր եմ ինչով որ զբաղվում եմ, դրանով զբաղվեմ նաև հետագայում»։
2021-ի սեպտեմբերին էլ նույն Կարապետյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում, խոսելով իր լավ հարաբերությունների մասին Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, միաժամանակ պնդել էր՝ ոչ մի դեպքում չի պատրաստվում մտնել քաղաքականություն։ Հարցին՝ ինչո՞ւ, հնչել էր պատասխան՝ «որովհետև ինձ դուր չի գալիս, ես իմ գործով եմ զբաղվում»։
Ստացվում է՝ Սամվել Սարկիսովիչը ստիպված է եղել «փոշմանել» ու զբաղվել մի գործով, որն իրենը չէ, իրեն դուր չի գալիս։ Անկեղծորեն կարեկցում ենք թե նրան, թե նրա թիմին, թե նրա հետևից գնալ պատրաստվողներին։
![]()