Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանի կայուն էներգիայի օրեր»-ի շրջանակում հանդիպել է «Երիտասարդությունը՝ հանուն Հայաստանի գիտահեն ապագայի» խորագրով միջոցառման մասնակիցներին։ Նա նաև պատասխանել է երիտասարդների հարցերին։

Փաշինյանի հարց է ուղղել «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների» (ACT) քոլեջի ուսանող Նարեկ Մկրտչյանը․ «Հարգելի´ պարոն վարչապետ, ձեզ ցանկանում էի մի հարց ուղղել: Հայաստանը ակտիվորեն զարգացնում է էներգետիկ ոլորտը: Ի՞նչ դեր կարող են ունենալ ինժեներական քոլեջի ուսանողները, օրինակ՝ մեր քոլեջի, այս գործընթացում և ինչպե՞ս կարող է պետությունն աջակցել նման նախաձեռնություններին»:

Ի պատասխան Փաշինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում կա ատոմային էլեկտրակայան, որը էլեկտրաէներգիայի գործող ամենահզոր կենտրոնն է, և իր կարողությունը 400 մեգավատ է:

«2018 թվից հետո՝ վերջին տարիներին, Հայաստանում ձևավորվել է 1200 մեգավատ արևային էլեկտրական էներգիայի արտադրության կարողություն, այսինքն՝ 2,5 ատոմակայան: Արևային էներգետիկան այս պրոբլեմն ունի. երբ արև կա՝ կա, երբ արև չկա՝ չկա: Կամ կարելի է ասել՝ ցերեկը կա, գիշերը՝ ոչ։

Օրինակ, իմ քաղաքական գնահատականն այն է, որ այս տեխնոլոգիան Հայաստանի Հանրապետությանը տվել է բացառիկ շանս լինել էներգետիկ առումով անկախ պետություն, որովհետև մեր արևային կարողությունները… լսել եք, չէ՞, «արևի երկիր Հայաստան»: Սա հիմա մենք կարող ենք այս «արևի երկիր Հայաստանը» նախադասությունը տրանսֆորմացնել էներգետիկ առումով անկախ Հայաստանի: Այստեղ մեր խնդիրը հետևյալն է՝ բա գիշերվա հարցը ո՞նց լուծել:
Եվ մեր ինժեներական միտքը պետք է այս ուղղությամբ աշխատի»,-նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ էներգետիկ ոլորտում այժմ շատ աշխատատեղեր են ստեղծվում, քանի որ զարգանում են նաև կարողությունները․ «Ես ուրախ եմ և քաջալերում եմ այդ ուղղությամբ գիտելիքը և կրթությունը զարգացնել, և մտածել նաև, թե ինչպես կարելի է լուծել այս հարցերը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ