![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է TRIPP-ը որպես թուրք֊ադրբեջանական գործարք ներկայացնելու վերաբերյալ վերլուծություններին։
«Հիմա էլ ասում են TRIPP-ը թուրք֊ադրբեջանական գործարք է և Անկարան նպատակ ունի հեռացնել Ռուսաստանին տարածաշրջանից:
TRIPP-ը ներկայացնել որպես «թուրք–ադրբեջանական գործարք»՝ պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին։ Սա վախի, շանտաժի հռետորաբանություն է, ոչ թե իրականության հաշվարկ։
Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում այսօր և միշտ պահպանվել է բացառապես Թուրքիայի միջոցով։ Եվ հենց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների բացակայությունն է եղել ռեգիոնում Ռուսաստանի ներկայության միակ կենսունակ հենարանը տարածաշրջանում։ Իսկ Ռուսաստանի այդ ներկայությունն էլ Թուրքիայի միակ վստահելի երաշխիքն է եղել և մնում՝ քանի որ Թուրքիան ունի էական առավելություն Ռուսաստանի նկատմամբ։
Տասնամյակներով Հարավային Կովկասի ուժային հավասարակշռությունը կառուցվել է փակ համակարգի վրա․ Հայաստան-Ռուսաստան կախվածություն, Թուրքիա–Ռուսաստան մրցակցային համագործակցություն, և այդ փակ շրջանառության մեջ Հայաստանը գրեթե միշետ եղել է ոչ թե սուբյեկտ, այլ տարածք։ Այդ կառուցվածքը ձեռնտու է եղել բոլոր նրանց, ովքեր նախընտրում են կանխատեսելի, երկկողմանի խաղը՝ առանց նոր ուժային կենտրոնների ներգրավման։
Երբ տարածաշրջանում գործում է միայն մեկ արտաքին անվտանգության հենարան, դա կախվածություն է, ոչ թե հավասարակշռություն։ Իսկ երբ ներգրավվում են բազմակի դերակատարներ՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպական միություն, Հնդկաստան, Ֆրանսիա, այլ գործընկերներ, խաղատախտակը փոխվում է, ոչ ոք այլևս չի ունենում մենաշնորհ։ Այդ պայմաններում Թուրքիան նույնպես կորցնում է «միակ մրցակցի» նկատմամբ իր հարաբերական առավելությունը։
Հետևաբար՝ պնդումը, թե Անկարան շահագրգռված է տարածաշրջանից Ռուսաստանի լիակատար դուրսմղմամբ, անտեսում է այն իրողությունը, որ երկբևեռ փակ համակարգը շատերի համար ավելի հարմար է, քան բաց, բազմաբևեռ միջավայրը։
Հայաստանի համար հարցը այլ է․ մենք ուզում ենք մնալ փակ սենյակում, որտեղ որոշումները կայացվում են առանց մեզ, թե՞ բացել պատուհանները և դառնալ գործընթացների համահեղինակ։
«Կայունություն» անվան տակ տարիներով մեզ առաջարկվել է ստատուս քվո, որտեղ շարժվելը, ձայն հանելը համարվել է վտանգավոր։ Բայց իրական վտանգը կանգնած ջուրն է․ այն ժամանակի հետ նեխում է։
Փակ շրջանից դուրս գալու փորձը սադրանք չէ։ Դա պետական հասունության քայլ է։ Սադրանք է այն մտածողությունը, որը յուրաքանչյուր ինքնուրույն քայլ ներկայացնում է որպես «դավադրություն» և մեզ փորձում է սարսափ տարածել։
Հայաստանը չի կարող կառուցել անվտանգություն՝ միայն արձագանքելով ուրիշների որոշումներին։ Անվտանգությունը կառուցվում է ընտրությամբ, բազմազան գործընկերությամբ և սուբյեկտայնությամբ։ Մնացածը պարզապես հարմար արդարացումներ են՝ նույն տեղում մնալու համար»,- գրել է Բաբաջանյանը։
![]()