![]()
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն մի քանի հանգամանքները, որոնք նպաստում են դեպի Հայաստան զբոսաշրջության հոսքերի աճին:
«Առաջինը հաստատված խաղաղությունն է, և այս առումով, հույս ունեմ, որ օտարերկրյա այն դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անընդհատ ծանուցումներ են տարածել, որ իրենց քաղաքացիները խուսափեն սահմանամերձ հատվածներ գնալ, Սյունիքի մարզ գնալ, այդ ծանուցումները կդադարեցվեն»,- ասաց նա և դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ նշեց, որ պետք է աշխատել այդ դեսպանների հետ, որպեսզի վերջիններս իներցիայով նույնը չշարունակեն:
Ըստ Փաշինյանի՝ մեկ այլ հանգամանք է տնտեսական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի՝ անվանգ երկիր լինելու հանգամանքը, քանի որ ռեյտինգային տարբեր աղյուսակներում ՀՀ-ն դիտարկվում է որպես անվտանգ երկիր՝ ներքին անվտանգության և հանցավորության տեսանկյունից:
«2025-ին մենք հանցավորության որոշակի նվազում ենք ունեցել, և կարծում եմ, որ սրանք էլ են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են զբոսաշրջային հոսքերի աճին»,- ասաց նա:
![]()