![]()
«Օրհներգի կատարման կարգը հստակ սահմանում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի այն, որպեսզի ստանդարտի կիրառմամբ նույնպես ունենանք միանշանակ ձևակերպում և դրանից հետո էլ միանշանակ գործածում: Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ դրա կենդանի կատարումը, պետք է կենդանի կատարումը նախապես պլանավորել և ապահովել, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակով: Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների սկզբում, այստեղ կենդանի կատարումը նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել այն պաշտոնական ձայնագրություննները, որոնք հասանելի են»,- կառավարության նիստում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
«Օրենքն արդեն իսկ սահմանում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգը պետք է հնչի, դրա կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, պարտադիր ենք դարձնում, որ ներառի մարդկանց, որոնք ներգրավված են և օրհներգը դառնա կրթական ամենացածր օղակից երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը»,- ասաց նա ու ընդգծեց, որ կարգավորվում է նաև օրհներգի պարագայում ունկնդրողների կամ ձայնակցողների պահվածքը, որպես կանոն պետք ունկնդրել կամ ձայնակցել հոտնկայս, աջ ձեռքը կրծքին, օբյեկտիվ անհնարինության դեպքում այս պահանջը չի դիտարկվում:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ երեխաների պարագայում սկսած մանկապարտեզից երգել սովորելը կրթական պրոցեսի շատ կարևոր մաս է.«Այս որոշումներին հանգել ենք գործնական կյանքում հանդիպած իրավիճակների բերումով և շատ կարևոր խնդիր է պետականության գիտակցման, պետական ատրիբուտների զարգացման տրամաբանությամբ: Որևէ պետական մարմնում այն միջոցառումներին, որտեղ պետք է լինի օրհներգ, պետք է հնչի կենդանի կատարմամբ, ովքեր չունեն նվագախմբեր, երգչախմբեր, թող հրավիրեն: Սա ամենևին էլ երկրորդական չեմ համարում: Երբ մանկապարտեզների ու դպրոցների դեպքում ասում ենք, որ կարող է լինել կենդանի կատարում, կարող է պետական մարմիններում նույնպես խմբեր լինեն, որ կատարեն, կարծում եմ ՝ դա շատ գեղեցիկ կլինի»:
Նա նշեց, որ հարցը շատ զգայուն է, և հասունացած փոփոխություն էր օրհներգում տեքստի տողերի տեղափոխությունը, որ այն ավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան տողով».«Երբ հնչում է օրհներգը դա առանձնահատուկ իրադարձություն է: Պետք է միացվի այն ձայնագրությունը, որ պետական ստանդարտով սահմանված է, դրանից դուրս տարբերակներ միացնելը պարզապես արգելվում է: Պրակտիկայում ունեցել ենք՝ սկսած արագությունից, վերջացրած ամենատարբեր տեխնիկական դետալներով միացվել են տարբերակներ, որոնք հարիր չեն օրհներգին»:
![]()