![]()
Փետրվարի 11-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը, քննարկվել են ՄԱԿ-ի ԷՍԿԱՏՕ-ի շրջանակում Ղազախստանում նախատեսվող «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանն ու Ղազախստանը հետաքրքրող բարձր տեխնոլոգիական և նորարարական համագործակցության հնարավորությունները։
Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
«Քննարկվել է ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ԷՍԿԱՏՕ) շրջանակում Ղազախստանի Հանրապետության նախաձեռնած «Կայուն զարգացման նպատակների համար թվային լուծումների Ասիա-խաղաղօվկիանոսյան կենտրոնի» ստեղծման բանաձևի նախագիծը։
Նախատեսվում է կենտրոնը տեղակայել Ղազախստանում՝ այն ուղղելով ծովային ելք չունեցող երկրների աջակցությանը՝ կայուն զարգացման ապահովման համար անհրաժեշտ թվային լուծումների տրամադրման միջոցով։ Նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդելու Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանի նորարարական ներուժի մրցակցային առավելությունները՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործման աջակցությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում զարգացող վերջին տեխնոլոգիական գործընթացներին և միջազգային գործընկերների հետ իրականացվող համագործակցությանը՝ ներառյալ թվային փոխակերպման, նորարարական էկոհամակարգի զարգացման և բարձր տեխնոլոգիական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։
Կողմերը կարևորել են թվային լուծումների առանցքային դերը ԿԶՆ իրականացման գործընթացում՝ ընդգծելով, որ թվայնացումը կարող է խթանել տնտեսական աճը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և նպաստել սոցիալական զարգացմանը։ Նշվել է տարածաշրջանային համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման միջոցով։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ղազախստան երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին բարձր տեխնոլոգիաների, նորարարության և թվայնացման ոլորտներում։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով»,- ասվում է հաղորդագրությունում։
![]()