![]()
Վերջին օրերին հանրային դաշտում ակտիվորեն քննարկվում է այն թեզը, որ Հայաստանին անհրաժեշտ է «ուժեղ» ղեկավար՝ միջազգային կշիռ ունեցող գործիչ, ով կարող է ազդեցություն ունենալ գլոբալ գործընթացների վրա։ Բարդ աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող փոքր պետության համար նման մոտեցումը տրամաբանական է հնչում։ Փոքր պետությունները հազվադեպ կարող են իրենց թույլ տալ ունենալ թույլ ղեկավարություն։ Նրանց անվտանգությունը, տնտեսությունը և անգամ սոցիալական կայունությունը անմիջականորեն կախված են արտաքին կապերի որակից և լսելի լինելու կարողությունից։
Սակայն միաժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցից հետո հնչում է նաև մեկ այլ պնդում։ Նշվում է, որ մամուլի հետ շփման ընթացքում հնչեցված ուղերձները միտված էին բացառապես գործող իշխանությանը աջակցելուն և Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը նպաստելուն։ Սրա հետ նույնպես դժվար է վիճել։
Եվ այստեղ ծագում է տրամաբանական հարց։
Եթե աշխարհի առաջատար պետություններից մեկի ղեկավարությունը անհրաժեշտ է համարում ներքաղաքական գործընթացների համար նշանակություն ունեցող հրապարակային ուղերձներ հղել հայկական հասարակությանը, ապա դա ինքնին վկայում է գործող առաջնորդի բարձր քաղաքական սուբյեկտայնության ճանաչման մասին։ Համաշխարհային քաղաքականությունում ուշադրության և հրապարակային ազդակների ռեսուրսները պատահական չեն ծախսվում։ Դրանք ուղղվում են այնտեղ, որտեղ տեսնում են կարևորություն։
Փոքր պետության համար «ուժեղ գործիչը» պարտադիր չէ, որ լինի մեծ կապիտալով կամ ցուցադրական խարիզմայով աչքի ընկնող անձ։ Դա առաջին հերթին գլոբալ համակարգում ներգրավված լինելու, հետաքրքրություն առաջացնելու և խոշոր խաղացողների հաշվարկներում գործոն դառնալու կարողությունն է։
Ուստի հարցը այլ կերպ է հնչում․
մենք քննարկո՞ւմ ենք «ուժեղ առաջնորդի» կերպարը որպես վերացական մի բան, թե՞ ուժը գնահատում ենք իրական միջազգային ազդակների և ռազմավարական ուշադրության միջոցով։
Փոքր պետության համար կարևոր է ոչ թե ուժի պատրանքը, այլ դրա ճանաչումը արտաքին հարթակում։
![]()