![]()
Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) և ՀՀ կառավարությունը մտադիր են Կապանում տեխնոլոգիական քոլեջ բացել «InnoIjevan» մոդելի հիման վրա։ Միության ամենամյա հավաքի ժամանակ այս մասին լրագրողներին հայտնեց UATE–ի գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Իջևանի քոլեջը գործում է դուալ կրթության մոդելով, որի դեպքում ուսանողները և՛ սովորում են, և՛ աշխատում՝ սկսած երկրորդ կուրսից։ Մի քանի տարի առաջ Երևանում սկսեց գործել «Իրական դպրոց» վարժարանը, որի համահիմնադիրներն են UATE-ը և «Instigate» ՏՏ ընկերության հիմնադիրները։
Նախագծի հաջողությունը կարելի է համարել այն, որ վարժարանի հետ սկսեց աշխատել «Microchip» ընկերությունը, որը գրասենյակներ ունի Երևանում, Շիրակում, Վանաձորում և Իջևանում (մարզերում ընկերությունը գրասենյակները «ժառանգել» է «Instigate»-ից՝ դրա դուստր ձեռնարկություններից մեկը ձեռք բերելուց հետո)։
«Այսպիսով երեխաները հնարավորություն ունեցան առանց հայրենի Իջևանից հեռանալու մասնագիտություն ձեռք բերել և սկսել աշխատել ՏՏ խոշոր ընկերությունում։ Հիմա մենք ուզում ենք այդ մոդելը զարգացնել Կապանում, և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն պատրաստակամություն է հայտնել աջակցելու այնտեղ նմանատիպ մոդելի վրա հիմնված կրթական կենտրոնի ստեղծմանը», – ասաց Կարապետյանը։
Քոլեջը նախատեսվում է ստեղծել պետական-մասնավոր հիմնադրամի ձևաչափով, որի կառավարման խորհրդում կլինեն երկու կողմերի ներկայացուցիչներ։
![]()