![]()
«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը առանցքային դերակատար է Թրամփի վարչակազմում և պատահական մարդ չէ բոլոր առումներով:
«ՀՀ վարչապետի՝ նախորդ տարի Սպիտակ տանը Վենսի հետ ունեցած առանձնազրույցն է ունեցել բեկումնային նշանակություն: Թրամփը գտավ Կովկասում խաղաղություն հաստատելու բանալին: Միացյալ Նահանգները կանաչ լույս է վառել ՀՀ-ի առաջ՝ կարևոր զենքեր ձեռք բերելու: Նրանք, ովքեր խարազանում են այս գործարքը, թող ասեն, թե ինչ եղավ 200 միլիոն հատկացված գումարը, որ ռուսները մեր ամենածանր պահին վերցրին և զենք էլ չտվեցին: ԱՄՆ-ն տեսնում էր, որ մենք փնտրտուքի մեջ ենք: Այն, ինչ անում է ԱՄՆ-ն, բարձրացնում է ՀՀ-ի նկատմամբ որևէ ոտնձգություն անելու անհնարինությունը: Հայաստանի վրա հարձակվելը շատ թանկ գին պետք է արժենա: Նախկինում վախեցած էինք ռուսներից, իշխանության մեջ եղած մարդիկ միայն ռուսական հրահանգի էին սպասում, սա անպատկերացնելի և անիրագործելի երազանք էր տարիներ առաջ»,- ասում է Բաբաջանյանը:
Այս համատեքստում նա շարունակում է. «Ես ներկա եմ եղել մի հանդիպման, երբ Գլխավոր շտաբը վարչապետի հրաժարականն էր պահանջում, բարձր պաշտոնյան իր WhatsApp-ն էր թարմացնում, ՌԴ-ից հրահանգի էր սպասում, թե ինքն ինչ պետք է անի, հիմա նա «Նոյան տապան»-ով ուզում է ընտրության մասնակցել: Կարծես խալխի երկրի նաչալնիկ լինեին: Պետք է հնարավորինս սահմանափակենք ռուսների ունեցած ազդեցության լծակները»:
Բաբաջանյանը միաժամանակ նկատում է. «Քոչարյանն ասում է՝ TRIPP-ն ազգային անվտանգության սպառնալիք է, դու ես ազգային անվտանգության սպառնալիքը: Ուզում էր Իրանի հետ սահմանը Մեղրիի հարցով վերացնել, հիմա Իրանի հետ սահմանից է խոսում: Սա մեր քաղաքական ամոթն է, որ ցուցմունք տալու փոխարեն ասուլիս է տալիս: Ուզում են երկիրը հասցնել այն ժամանակներին, երբ Հայաստանի համար ուրիշներն էին որոշումներ կայացնում: Հայաստանի դեմ ցուցմունքներ են տալիս, ուզում են քաշել վեճերի և պատերազմի մեջ»:
Կրկին խոսելով Վենսի ՀՀ և Ադրբեջան այցի մասին՝ քաղաքական գործիչը համոզմունք է հայտնում, որ ԱՄՆ-ն Հայաստանին այնպիսի կարողություններ է տալիս, որ խաղաղությունը նաև ուժով պաշտպանված լինի. «ԱՄՆ-ն ՀՀ-ին ասում է՝ ՌԴ-ի մասով հանգիստ եղեք․ մենք խնդիրները մեզ վրա ենք վերցնում»:
Ինչ վերաբերում է Իրանին, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավարը նշում է. «Չեմ պատկերացնում ՀՀ-ում մի իշխանություն, որը կարող է 3-րդ կողմի հետ հարաբերություններ կառուցել Իրանի շահերի դեմ: TRIPP-ի հետ կապված իրադարձությունները հաշվի են առնում Իրանի շահերը»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()