Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման ուղին Ադրբեջանով երկաթուղային բաց է. Փաշինյան

«Ապաշրջափակման համատեքստում գործնականում այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում: Ցավոք, արդեն 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որն ընդհատել է երկաթուղին, բայց դա լուծելի հարց է կախված նրանից, թե պոտենցիալ ինչպիսի հոսքեր կանցնեն այդտեղով»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե արդյոք քննարկվում է երկաթուղու կարևոր հատվածի վերականգնումը, որն Իջևանը կապում էր ադրբեջանական երկաթուղուն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին հենց նշված երթուղին է. «Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման ուղին Ադրբեջանով երկաթուղային բաց է: Սովորությունները շատ դժվար է փոխել, 40 տարի ավտոմեքենաներով արտահանումն է, մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունն է կառուցվել այդպես, որովհետև գնացքը պետք է բեռնվի: Ինչքան ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունը, այնքան սցենարների զարգացումն ավելի հավանական կդառնա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ