![]()
«Պետք է աչալուրջ լինենք դեղերի հարցում»:
Այս մասին 2025-ի արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կեղծ դեղերի շրջանառության մասին ահազանգերին:
«Դեղերի հետկանչի մեխանիզմը մեր գործունեության ռուտինային գործընթացներից է։ Մենք և դեղերի փորձագիտական կենտրոնը արտադրողների հետ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում, և ցանկացած ահազանգի կամ մտահոգության դեպքում տեսչական մարմնի հետ անցնում ենք օրենքով սահմանված ընթացակարգերը»,- նշել է նախարարը։
Ավանեսյանն ընդգծել է, որ առանց ավելորդ անհանգստություն պատճառելու պետք է ընդունել՝ ժամանակ առ ժամանակ լինում են դեղեր, որոնց հետկանչի վերաբերյալ որոշումներ են կայացվում, և դա նորմալ գործընթաց է։
«Վերջերս բացել ենք Դեղերի փորձագիտական կենտրոնի ամբողջովին նոր ու հագեցած լաբորատորիան։ Փորձաքննությունների առումով մենք լիարժեք ապահովված ենք և երաշխավորում ենք դեղերի անվտանգությունը»,- նշել է նա։
![]()