![]()
Ես հասկանում եմ, որ ընդդիմության գործը քննադատելն է, բայց, սիրելի՛ ընդդիմություն, երբ խոսում եք հավասարությունից, այո՛, բանակում շատ կարևոր է օրենքի առաջ բոլորի հավասար լինելը, բայց բանակում շատ կարևոր է, որ մարդիկ իրենց աշխատանքի, իրենց պատրաստության մակարդակին համապատասխան բավարարում ստանան, գումար ստանան: Այս մասին ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մենք չենք կարող ոչինչ չանող, պարզապես համազգեստ հագնող մարդուն ու պատրաստականության բարձր աստիճան ունեցող մարդուն, բարձր աստիճան ունեցող զինվորականին հավասար կերպով վարձատրենք: Բա էլ ինչպե՞ս ընդգծենք, որ մեր քաղաքականությունը, մեր իդեալը լավ զինվորականն է:
Հիմա հարց է բարձրացվում. թիկունքային աշխատողը ինչի՞ է ավելի պակաս ստանում, քան հատուկ ուժերի ստորաբաժանման զինվորները: Ռիսկայնությունը, պարոն Մանուկյան, կյանքի հետ կապված ռիսկերով է պայմանավորված, ֆիզիկական պատրաստվածության մակարդակով է պայմանավորված»,- ասաց նախարարը՝ դիմելով ԱԺ նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին:
Նրա խոսքով՝ համակարգերը, մեխանիզմները այսօր հավասարապես ստեղծված են բոլորի համար:
«Չի կարող այսօր բանակում լինել մեկը, ով ասի՝ ես ունեմ բարձր պատրաստվածություն, բայց չեմ գնահատվում, չեմ վարձատրվում: Չկա նման բան պարզապես:
Սիրելի՛ հայրենակիցներ, ես ուզում եմ՝ մենք ճիշտ ընկալենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը և, ըստ էության, համակարգը: Սա դառնում է մեր բանակի համար լրջագույն հենարան, և սա մի ուրույն միավոր է, որը դառնալու է մեր բանակի հենասյունը ու դառնալու է մեր բանակի պայմանագրային համալրման ամենակարևոր խողովակը:
Սա խողովակ է, որը կապում է պարտադիր ժամկետային զինծառայությունը պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության հետ, և քանի որ մեր տեսլականն է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, բայց միևնույն ժամանակ չհրաժարվել ժամկետային ծառայությունից, կարողանում ենք ստեղծել միմյանց փոխլրացնող այս կարևոր համակարգը»,- խոսքը եզրափակեց պաշտպանության նախարարը:
![]()