![]()
«Դուք կողմ եք Սահմանադրության բռնի տապալմանը, որովհետև դուք հրապարակավ պաշտպանել եք մի բարձրաստիճան հոգևորականի, որը կոչ է արել ռազմական հեղաշրջման: Էլ չեմ ասում՝ ինչպես եք պաշտպանել մեկ այլ բարձրաստիճան հոգևորականի, որը մեղադրվում է ահաբեկչական ակտեր կազմակերպելու մեջ: Ով ինչից խոսի, դուք Սահմանադրության բռնի տապալման մասին մի խոսեք»,- ԱԺ նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին՝ Ռուբինյանը նշեց. «Մինչ այս պահը կարգավորվում է մուլտիպլեքսում առկա օտարերկրյա ալիքների գործունեության հարաբերակցությունը ՀՌՀ-ի հետ: Այն ալիքների դեպքում, որոնք մուլտիպլեքսով չեն ցուցադրվում, այլ ցուցադրվում են օրինակ՝ կաբելային ալիքներով և այլն: Այս նախագծով հնարավորություն է ստեղծվում, որ դա էլ կարգավորվի: ՀՌՀ-ն՝ որպես անկախ մարմին, ինքն իր չափանիշները կսահմանի: Այստեղ տիկին Գալստյանն ասում է՝ այս նախագծով ռեպրեսիաների եք դիմում, ո՞ւմ հանդեպ ենք ռեպրեսիաների դիմում՝ Սոլովյովի, որ կոչ է անում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրագործել, ձե՞ռ եք առնում»:
Դիմելով ընդդիմությանը՝ Ռուբինյանն ասաց. «Ինձ հետաքրքրում է ձեր վերջին հինգ տարվա էվոլյուցիան, սկզբում գոնե ինչ-որ ամոթխած չքմեղանում էիք, թաքցնում էիք, որ դուք իրականում դեմ չեք, որ օտարերկրյա ուժերը միջամտեն մեր ներքին գործերին, հիմա չեք էլ թաքցնում: Մարդիկ հասկանում են, որ իրականում դուք օտարերկրյա միջամտության ուղիղ շահառուներն եք, որ օրինակ՝ Սոլովյովի ասածը ձեզ 100 տոկոս դուր է եկել»:
![]()