![]()
Հունիսի 7-ին Հայաստանում համապետական խորհրդարանական ընտրություններ են։ 2025-ի օգոստոսին Դուք այսպիսի արտահայտություն արեցիք, ասացիք՝ դա լինելու է ընտրություն խաղաղության և ոչ խաղաղության միջև: Հիմա Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ Դուք մանիպուլացնում եք, ինչո՞ւ, որովհետև որևէ քաղաքական ուժ պատերազմի կոչեր չի անում, չի ասում որ Ադրբեջանի հետ գնալու ենք պատերազմի, անգամ չեն ասում, որ TRIPP-ը չեղարկելու են, պարզապես խաղաղության պատկերացումը, խաղաղության իրենց կոնցեպտը ձերից տարբերվում է: Հիմա, եթե կարելի է, ընտրությանը ի՞նչ ծրագրով և այս առումով ի՞նչ առաջարկով եք գնալու, որը տարբերվելու է ընդդիմությունից։
Հանրային ՀԸ եթերում պատասխանելով հարցին, վարչապետն ասաց՝ մենք կարող ենք այսօր արդեն ցույց տալ, թե ինչ է խաղաղությունը:
«Մենք հասկանում ենք, որ այդ խաղաղությունը իդեալական չէ, բայց կարող ենք գլոբուսը դնել և պտտել այդ գլոբուսը և տեսնել, թե որտեղ է, որ խաղաղությունն իդեալական է: Ոչ մի տեղ խաղաղությունն իդեալական չէ, բայց այնտեղ, որտեղ կա խաղաղություն՝ կա բարեկեցություն, կա ազատություն, կա երջանկություն: Ուրիշ բան եմ ուզում ասել, այս ընտրությունն իրականում, այո՛, սա պարզապես քաղաքական ընտրություն չէ, սա պատմաքաղաքական ընտրություն է, և մենք պետք է պատմական ընտրություն կատարենք: Եվ հասել է այն պահը, որի մասին ես խոսում էի 2018 թվականին. 2018 թվականին ես խոսում էի մեր ժողովրդի պատմության արդեն մեզ հայտնի և կրկնված ցիկլերից դուրս գալու մասին:
Մենք հիմա այդ պատմական ցիկլից, երբ մենք ինչ-որ աշխարհաքաղաքական շատ դեպքերում, մեզնից չկախված հանգամանքների բերումով ստանում ենք պետություն և հետո նորից մեզնից չկախված հանգամանքների բերումով կորցնում ենք պետությունը, այդ ցիկլից դուրս գալու մենք հնարավորություն ունենք, մենք հնարավորություն ունենք և արդեն իսկ դա տեղի է ունեցել: Դրա առաջին քայլերը տեղի են ունեցել կենտրոնանալու մեր պետության հարատևության օրակարգի վրա: Եվ ուզում եմ մենք գնահատենք, թե հենց այսօր՝ փետրվարի 10-ին, և նախորդող շրջանում, ի՞նչ է տեղի ունենում:
Հայաստանը շարունակում է գտնվել ֆիզիկապես այնտեղ, որտեղ գտնվել է միշտ, բայց Հայաստանը մեր աչքի առաջ և մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն: Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առաջիկա ընտրություններին առաջինը՝ տեր պիտի կանգնի իր ջանքերով, իր զրկանքներով և կորուստներով ձեռքբերված խաղաղությանը:
Կրկին ուզում եմ իմ խոնարհումն արտահայտել մեր բոլոր նահատակներին և ծնկի եմ գալիս նրանց առաջ և խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, բոլոր ընտանիքների առաջ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի այս խաղաղությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի աշխարհի ծայրագավառից աշխարհի կենտրոնում հայտնվելու այս գործընթացին: Բայց ես ուզում եմ մի բան ընդգծել՝ մենք չենք կարող Հայաստանը դարձնել կենտրոն, մեր միջավայրն այդ կենտրոնից դուրս մղելու ճանապարհով։
Մենք տարածաշրջանով ենք դառնում աշխարհի կենտրոն: Տեսեք, շատ է խոսվում երաշխիքների մասին, սա է խաղաղության երաշխիքը, երբ խաղաղությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կլինի ավելի շահավետ, ձեռնտու, քան հակառակը»,- ասաց վարչապետը։
![]()