Կանխվել է ողբերգություն․ 48-ամյա օտարերկրացին ձերբակալվել է․ ՀՀ ՆԳՆ

Փետրվարի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Օտարերկրացի մի կին ահազանգել է, թե իր ընկերուհու հայրը եկել է արտասահմանից, դստերը սպառնացել, որ կսպանի, այժմ էլ առևանգել է նրան։

Համայնքային ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով օպերատիվորեն պարզվել է ահազանգողի ընկերուհու գտնվելու վայրը։ Համայնքային ոստիկան Կարեն Քարամյանի խոսքով՝ ահազանգն ստանալուն պես ոստիկանության ծառայողները մեկնել են առևտրի կենտրոն, որտեղ հանդիպել են երիտասարդ կնոջը։ Նա հաստատել է, որ հայրն սպառնացել է սպանել իրեն։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդն այդ պահին գտնվում է Երևանի Արամի փողոցի սրճարաններից մեկում։ Ոստիկաններն անմիջապես մեկնել են տվյալ վայր։

Ոստիկանների տեղեկությունը ճիշտ էր։ Արտասահմանից ժամանած 48-ամյա տղամարդը սրճարանում հայտնաբերվել, հոգեկան ներգործության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։

Հաշվի առնելով նախկինում կատարված և բացահայտված նմանատիպ ողբերգական դեպքը, երբ ոստիկաններին չէին տեղեկացրել հետապնդումների մասին՝ արագ ահազանգման և օպերատիվ արձագանքման արդյունքում համայնքային ոստիկաններին հաջողվել է կանխել հետագա զարգացումները։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ