![]()
Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ: Այն գլխավորել է միջազգային հարաբերությունների, Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով ավագ փոխնախագահ Հուշ Չոքսին։
Խոսելով Հայաստանի հետ համագործակցության մասին՝ Իլհամ Ալիևը վստահեցրել է, որ Բաքուն հարգել և հարգում է իր պարտավորությունները և քաղաքական օրակարգը երբեք չի խառնում բիզնեսի հետ:
«Քննարկված տրանսպորտային կապի նախագծերն արդեն մեծ հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի համար։ Օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփի աջակցությամբ խաղաղության հասանք: Եվ հիմա մենք ոչ միայն վերացրել ենք Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, այլև սկսել ենք նավթամթերք մատակարարել Հայաստան՝ գործակցության առաջին հիմքերը դնելու համար»,- ասել է Ալիևը։
Նա անդրադարձել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին, ընդգծել, որ դրանք ակտիվորեն զարգանում են տարբեր ոլորտներում:
Հուշ Չոքսին էլ Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան ամերիկյան ընկերությունների աճող հետաքրքրության կենտրոնում են:
«Ադրբեջանում էլ ներկայացված են տարբեր ընկերություններ՝ էներգետիկայից մինչև հեռահաղորդակցություն»,- մանրամասնել է պաշտոնյան:
![]()