![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2025 թվականի հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էին տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էին տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, մյուս 2-ի նկատմամբ ընտրվել էր կալանքը, հայտարարվել էր հետախուզում:
Հղում անելով մեր տեղեկություններին՝ հայտնել էինք, որ տնային կալանքում էր գտնվում «Հացատուն» սննդի կետի տերը՝ Արտյոմ Գրիգորյանը: Այնուհետև նրա խափանման միջոցը փոխվել է, և սահմանվել են վարչական հսկողություն, գրավ և երկրից բացակայելու արգելք:
Հետախուզվողներից մեկը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին է՝ Կամո Գրիգորյանը, որը մինչ օրս չի հայտնաբերվել: Մյուսը՝ Գրիգորյան ընտանիքի քավոր, տարիներ առաջ սպանված «Շեկո» անունով հայտնի անձի որդին՝ Վաչագան Կարապետյանն էր, որը հայտնաբերվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ապա սահմանվել են վարչական հսկողություն, գրավ և երկրից բացակայելու արգելք:
Նշենք, որ «Շեկո»-ին տարիներ առաջ սպանել է Վարդան Ղուկասյանի եղբորորդին: Ըստ շրջանառվող լուրերի՝ Մարտուն Գրիգորյանի՝ Ղուկասյանին Գյումրու քաղաքապետ դառնալու հարցում օգնելը սպանվածի որդու համար ընդունելի չէր եղել: Ընտանիքներն այս հարցում ունեին տարաձայնություններ, ինչն էլ կրակոցների պատճառ էր դարձել:
«Հայկական ժամանակ»-ին նոր տեղեկություն է հասել այս գործի հետ կապված: Ըստ դրանց՝ իրավապահները օրերս խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը: Թե ինչ նոր զարգացումներ կլինեն այս գործով, պարզ կլինի առաջիկայում:
![]()