Ըստ Միրզոյանի՝ Վենսի հետ նաև գերիների հարցն է քննարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետո Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև Բաքվում պահվող հայ գերիների հարցը։

Այս մասին պարզ է դառնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Factor TV-ի հարցին տված անուղղակի պատասխանից։ Factor TV-ի հարցին՝ գերիների խնդրին անդրադարձ եղե՞լ է, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ո՞նց եք պատկերացնում առանց դրա»։

Այդուհանդերձ, Փաշինյանն ու Վենսը մամուլի ասուլիսի ընթացքում այս հարցին անդրադարձ չկատարեցին։

Հարցի հնարավորություն ունեցող երկու հայ լրագրողներից որևէ մեկը նույնպես այս թեմային առնչվող հարց չհնչեցրեց։ Factor TV-ն գերիների թեմայով հարցն ուղղեց սրահից հեռացող Փաշինյանին, սակայն նա չարձագանքեց։ Հիշեցնենք՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ կխնդրի Ադրբեջանի նախագահ Իլհան Ալիևին՝ ազատ արձակել Բաքվում պահվող 23 հայ քրիստոնյաներին։

Արդեն ավելի քան 6 ամիս է անցել, բայց Բաքուն միայն վերջերս վերադարձրել է 4 պահվող անձանց, մյուսները մնում են Բաքվում։ Օրերս էլ Բաքվի դատարանում հրապարակվեցին Արցախի ռազմաքաղաքաղաքական ղեկավարության շինծու քրեական գործերով դատավճիռները, պատժաչափերը՝ 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

Վաղը՝ փետրվարի 10-ին, տևական դադարից հետո Բաքվում նախատեսվում է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարության վերսկսումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ