Սովորեք լռել այնտեղ, որտեղ ձեր բերանը, ՀԱՐՈ՛ՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, միայն ապատեղեկատվություն է դուրս տալիս. . .

Հարութ Սասունյանը, որ «Լինսի» հիմնադրամի գումարներն ու միջոցները տարիներ շարունակ անարդյունավետ կառավարած և այդ մասին մինչ օրս որևէ հոդաբաշխ և Homo Sapiensին հասկանալի բացատրություն չտված մարդն է, հիմա համալրել է եկեղեցու պահապանների ու տարատեսակ սրբադիմակ փրկիչների «կուսակցական» շարքերը։ Այս նույն անձը, ով 1998-2008 թվականներին Ռոբերտ Քոչարյանի ամենասերտ գործակիցներից մեկն էր սփյուռքում, օգնում էր ՀՀ երկրորդ, լեգիտիմությամբ չփայլող նախագահին Արևմուտքում լվանալու իրականացված «կեղտոտ գործարքները»։ Սասունյանի խողովակներով կազմակերպվում էին «հայրենասիրական» միջոցառումներ, որոնց ֆինանսավորումն իրականացվում էր Քոչարյանամերձ տարբեր մանկլավիկների միջոցներով։ Այս, հայրենասիրականի ծխածածկույթի տակ տեղի ունեցողն իհարկե ապահովում էր ֆինանսական ահռելի հետհոսքեր դեպի համապատասխան տառասխալով «հերոսի» գրպանը։ Սասունյանի, Հայ եկեղեցու հանդեպ տածած անկեղծ հույզերին ու Գարեգին Բ-ի հանդեպ դրսևորվող սիրո ջերմ արտահայտություններին թերևս կասկածանքով չվերաբերվեինք, եթե դրա մեջ դրսևորվող սուտն ու ապատեղեկատվությունը գերդոզավորված չլինեին։ Սույն պարոնն իր վերջին շրջանի հարցազրույցների մեջ մեղադրում է Վարչապետ Փաշինյանին եկեղեցում բաժանում ստեղծելու մեջ։ Ո՞ւր էր Սասունյանի կայտառ համարձակախոսությունն ի տես եկեղեցում տիրող իրական երկպառակտումների ու բազմիշխանության առաջ դեռ այն ժամանակներում երբ Փաշինյանը ոչ միայն ՀՀ Վարչապետ չէր այլ նաև պատգամավոր չէր ընտրվել։ Ինչո՞ւ են լռում Սասունյանն ու իր նմանները երբ այսօր տակավին շարունակում են եկեղեցին ղեկավարող կլանի կողմից հալածվել, հետապնդվել ու դատապարտվել բոլոր այն եկեղեցականներն ու հավատացյալները, որոնց հանդգնությունն է, որ բարձրաձայնել են ճշմարտությունը և չեն լռել ընդդեմ Գարեգին Բ-ի ապօրինությունների՝ դավանական զեղծումներից և բարոյական պղծություններից սկսած մինչև եկեղեցական կանոնի լիակատար ոտնահարում, ֆինանսատնտեսական խարդախություններ և հակապետական անմնացորդ նվիրումով իրականացվող գործունեություն։

Այո, առանց ավելորդության կրկնենք նորից, Դուք, «պարո՛ն» Սասունյան, իրավունք չունեիք տասնամյակներ շարունակ լռելու, երբ եկեղեցու «կտրիճյան կլանը» միլիոնավոր դոլարներ էր յուրացնում նաև Քոչարյանի գիտությամբ և թողտվությամբ, երբ Կտրիճ Ներսիսյանի շրջապատում կոռուպցիոն սխեմաները ծաղկում էին չտեսնված ու անպատմելի թափով։ Եվ հանկարծ, մի հրաշքով Դուք Պարոն Սասունյան, վերածվեցիք ջերմ եկեղեցապաշտի, երբ բարենորոգությունների օրակարգն անդարձելիության հուն մտավ, հնչեցին բողոքներ ընդդեմ հոգևորականների անհիմն կարգալուծումների, ավարտվեց «կտրիճյան կլանի» դարաշրջանը։

Դուք մեղադրում եք Վարչապետ Փաշինյանին Սահմանադրությունը խախտելու մեջ, բայց ի վիճակի չեք կրկնվող մերկապարանոց այդ պնդումները հիմնավորող որևէ իմաստ պարունակող տող արտաբերել։ Դուք, որ հայտնի եք ձեր հակափաշինյանական ատելությամբ, արտահայտում եք մտքեր, որոնք ոչ միայն հակասահմանադրական են, այլև ուղղակի հակապետականամետ ցինիզմ են: Դուք Փաշինյանին մեղադրում եք իշխանության յուրացման մեջ, մինչդեռ Դուք Ձեզ տարիներ շարունակ երևակայել եք սփյուռքի ինքնանշանակված «թագավորներից» մեկը՝ առանց որևէ լեգիտիմ՝ ժողովրդավարական ճանապարհով ստացված մանդատի և գործել եք առանց հաշվետվողականության։

Զարմանալի է նաև այն որ Դուք Ձեզ արտոնում եք, Ձեր երկար ու կասկածելի ֆինանսական կենսագրությունից հետո այսօր դասախոսություններ եք կարդում բարոյականության մասին։

Ավարտելուց առաջ գանք Հովնան արք. Տերտերյանին։ Դուք ոչ առաջին ոչ էլ վերջին մարդն եք, որ «կտրիճյան կլանի» կամ այդ կլանի անմիջական ղեկավար լեյտենանտների հրամանով բերան եք բացում Սրբազանի դեմ, լավ իմանալով, որ ստի ու ատելության միաձուլումից ծնված Ձեր մտաթորանքը չի կարող սասանել Սրբազանի վայելած սերն ու հարգանքը, որ նա վաստակել է թեմից ներս։ Առավելևս չի կարող նվազել ծառայական խոնարհությունն ու հովվական ոգին սրբազանի առույգ սրտի մեջ։

Հովնան Սրբազանին «լրտես» անվանելը Ձեր կողմից ոչ թե փաստարկ է, այլ պարզապես կեղտոտ, անհիմն զրպարտանք՝ ի կատարումն հրահանգների։ Դուք լրտես եք ասում Սրբազանին, ով ապրում ու շնչում է Հայաստանով, անմնացորդ ու անխոնջ կերպով իր կյանքը նվիրել է Հայ Եկեղեցուն։ Իսկ, ինքներդ տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ից Հայաստանի ներքին գործերին միջամտել եք, հյուսիսային մի երկրից հրահանգ ստանալով և նրա շահերին ծառայելով։

Ձեր այս վերջին հարցազրույցները պարզապես կեղծավորության, անպատասխանատվության և անբուժելի ատելության ամենաթարմ ապացույցներ են։ Դուք հայրենասիրական կոչերի տակ թաքնվելով ու եկեղեցուպաշտպանի պիտակը Ձեր վրան փակցնելով, վախենում եք փոփոխություններից, որ պիտի Հայաստանի Հանրապետությունը դարձնեն հզոր ու ավելի անկախ իսկ մեր Եկեղեցին բուժեն «կտրիճյան կլանի» հասցրած խոր վերքերից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ