![]()
Հանգստյան օրվա ավարտին ոչ պաշտոնապես մի բան ասեմ. խորհուրդ եմ տալիս խոշոր մասնավոր ընկերությունների սեփականատերերին և բաժնետերերին՝ եթե ձեր ընկերություններում ներդրված չէ ֆինանսաբանկային (գանձապետական) գործառնությունների իրականացման եռաստիճան (վերադասության կարգով՝ միմյանց վերահսկող) համակարգ, ապա, բնավ չխախտելով որևէ անձի անմեղության կանխավարկածը և կասկածի տակ չառնելով ձեր ընկերությունների գործադիր և ֆինանսական բլոկի թոփ-մենեջմենթի ներկայացուցիչների ազնվությունն ու արհեստավարժությունը, առաջարկում եմ հավելյալ անգամ ստուգել վերջին շրջանում ընկերության հաշվեհամարներից իրականացված՝ խոշոր փոխանցումների բոլոր դետալները (հասցեատեր, նպատակ, գումարի չափ և այլն)։ Այդ մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Շատ հնարավոր է՝ հանկարծ պարզվի, որ ընկերության ընթացիկ բանկային հաշվեհամարներից մեկից բարձր ղեկավարության ուղիղ ցուցումով, ասենք, 480 մլն ՀՀ դրամ (ավելի քան 1,2 միլիոն դոլար) փոխանցված լինի, օրինակ՝ վերջիններիցս մեկի կնոջ անձնական բանկային հաշվեհամարին:
Իհարկե, «փոխանցման նպատակ» դաշտում լրացված կլինի մի շատ «անշառ և նվիրական» ձևակերպում՝ աուդիտորների աչքերում ոչ մի կասկած չհարուցելու նպատակով։
Հ.Գ. Մոտ օրերս նմանատիպ մի բանկային տրանսակցիայի բոլոր նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ քրեաիրավական գնահատականի նպատակով»,- ասված է Ռոմանոս Պետրոսյանի գրառման մեջ:
![]()