![]()
Ինտենսիվ գյուղատնտեսության մեջ բոլոր ցուցանիշները, առանց բացառության, որոնք սահմանված են եղել ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով, անցած տարվա արդյունքում կատարված են։
Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ որոշ դեպքերում ցուցանիշները կրկնակի և եռակի գերազանցում են նախանշվածը։
«Օրինակ՝ նախանշված է եղել յուրաքանչյուր տարի 1000 հա ինտենսիվ այգու հիմնում, 4,5 տարում՝ 4,516 հա։ Ցուցանիշը դրված է՝ կատարված է։ Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կլինի բարձր գերակատարում։ Ոռոգման արդիական համակարգերի տեխնոլոգիաներով 2021-2026 թթ․ պետք է ավելանային 3 հազար հա-ով։ 2025 դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն 7 հազար հեկտարով ավելացել է, այսինքն, այս պահի դրությամբ գրեթե 2,5 անգամ ավելի։ Ջերմատնային տնտեսություններ՝ տարին մինչև 10 հա, 4,5 տարում ենթադրվում էր, որ պետք է հիմնվեր մոտ 45 հա, մինչդեռ արդեն հիմնվել է մոտ 80 հա, այս տարի մի քանի տասնյակ հեկտար էլ կմտնի շրջանառության մեջ»,-նշել է նա։
Պապոյանի խոսքով՝ կառավարության թիրախային ցուցանիշից կրկնակի ավելին է կատարվել նաև լիզինգային ծրագրով գյուղտեխնիկայի ձեռքբերումը, որը տարեկան նախատեսված 500-ի փոխարեն արդեն կազմում է 3969։
Նախանշված ցուցանիշը եռակի գերազանցել է ագրոմշակման սարքավորումների թիվը․ 4,5 տարում մոտ 1100-ի փոխարեն արդեն ձեռք է բերվել 2832-ը։
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ կառավարության ներդրումները գյուղատնտեսության ոլորտում շարունակաբար ավելանում են։ Մասնավորապես՝ եթե 2021 թվականին այն 25 միլիարդ դրամ է կազմել, ապա ներկայում այն կազմում է 42 միլիարդ դրամ։ Նրա դիտարկմամբ՝ ներդրումները 2021-ի նկատմամբ կրկնապատկվել են, իսկ 2018-ին նախորդած ժամանակահատվածի համեմատ եռապատկվել, քառապատկվել և այդպես շարունակ։
Օրինակ՝ 2017 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության բյուջեն կազմել է 11,9 միլիարդ դրամ, իսկ կատարողականը՝ 95 տոկոս, ապա 2025 թվականին այն կազմել է 76,8 միլիարդ դրամ, իսկ կատարողականը՝ 97,2 տոկոս։
Պապոյանը, որպես ինտենսիվ գյուղատնտեսության եկամտաբերության վկայություն, ընդգծել է ոլորտին տրամադրված վարկերի ծավալը, որը 2021-ին կազմել է 257 միլիարդ դրամ, իսկ ներկայում հասել է 380 միլիարդի։
![]()