Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 40%-ով. դեսպան

2025 թվականին Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 40%-ով։ Այս մասին չինական Նոր տարվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։

Նրա խոսքով՝ անցած տարին նշանակալի էր երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, դրանք հասել են ռազմավարական մակարդակի։

«Դա նոր դարաշրջան է բացել հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ և ամուր հիմք է դրել հետագա համապարփակ համագործակցության համար»,-ասել է դեսպանը։

Չինացի դիվանագետի փոխանցմամբ՝ ներկայումս հաջողությամբ իրականացվում են մի շարք խոշոր նախագծեր, որոնց թվում են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը, արևային էլեկտրակայանների ստեղծումը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցումը և այլն։

Հատուկ նշանակություն ունի երկու երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացումը. Ուրումչի-Երևան երթուղով չվերթերի հաճախականությունն ավելացել է՝ հասնելով շաբաթական երեք անգամի, ինչը նպաստում է զբոսաշրջային և գործարար կապերի աճին։ Կայուն կերպով աճում է նաև Հայաստանի քաղաքացիների հետաքրքրությունը չինարեն սովորելու նկատմամբ։

Լի Սինվեյը խոստովանել է, որ անցած տարին իր համար նշանակալի է եղեն նաև մասնագիտական առումով. Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ նա դեսպան է նշանակվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ