![]()
Մտածում եմ՝ գուցե Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմը ինչ-որ պահի առանձնանա, Գարեգին Բ-ն էլ իրեն էնտեղ հռչակի Ամենայն Ռուսիո Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը, թե Գարեգին Բ-ի հրամանով Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի անունը դարձել է «Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ»։ «Նման բան արդեն իսկ նկատվում է։ ՌԴ-ն իր թևերը փռում է Գարեգին Բ-ի վրա, որովհետև, պարզվում է, իրենց գործակալներն են, և իրենք պահում են իրենց գործակալներին։ Եվ ինչ գնով էլ ուզում է լինի՝ պահելու են, ցույցեր են անելու, նորից կարող է խժդժություններ լինեն, մարդկային զոհեր լինեն։ Իրենք եկեղեցին՝ Գարեգինին, օգտագործում են։ Մեր ընդդիմությունն էլ լծված է այդ սայլին ու այդ «պարը» պարելով գնում է»։
Անդրադառնալով ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի՝ եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես գալու և երկրի կառավարումը ստանձնելու հավակնություններին՝ Մելքոնյանը հարցադրում արեց՝ օրինակ, նա կարո՞ղ է ՌԴ-ում մի քանի հազար հոգանոց ցույց անել, կամ այստեղ գտնվող ռուսաստանցի որևէ պաշտոնյա գնա, Մոսկվայում ցույց անի Պուտինի դեմ։ «Անհնար է՝ առանց իրենց իշխանությունների գիտության»,- նկատեց պատգամավորը։ Նա նաև հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմի օրերին աշխարհի տարբեր քաղաքներում հայ ժողովրդի ներկայացուցիչները ցույցեր էին անում, մինչդեռ ՌԴ-ում նման որևէ միջոցառում տեղի չունեցավ։ Ըստ կառավարող ուժի ներկայացուցչի՝ Սամվել Կարապետյանին ուղարկել են Հայաստան, ինչպես ժամանակին մեկ այլ ռուսաստանցի գործարարի՝ Ռուբեն Վարդանյանին էին ուղարկել Ղարաբաղ։ «Ռուբեն Վարդանյանը հիմա որտեղ ա՞, Բաքվում։ Այսինքն՝ Ղարաբաղը իրենց համար եղել է խաղաքարտ, որով մեզ միշտ չոքացրած են պահել։ Ղարաբաղը իրենք վարդանյանախառը, նախագահախառը հանձնեցին Բաքվին, հիմա էլ Հայաստանի հետ կապված առևտրի մեջ են»։ Եվ, ինչպես Մելքոնյանն է ասում, տեսնելով, որ Ռուբեն Վարդանյանի օպերացիան չստացվեց, քանի որ նա պետք է դառնար Ղարաբաղի վարչապետ, հետո գար ու դառնար Հայաստանի վարչապետ, այժմ անցել են եկեղեցի+Սամվել Կարապետյան օպերացիային։ «Եթե Սամվել Կարապետյանը իշխանություն է ուզում, թող գնա Ռուսաստան, առաջադրվի նախագահի թեկնածու, կարո՞ղ է թեկնածություն դնել։ Իսկ մենք մեր երկիրը չենք տա նրանց, ովքեր փորձեր են կատարում մեր իսկ երկրի վրա։ Հո երկիրն անտեր չի՞, որ ով գա, փորձի քաչալացնել»,- նկատում է Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է սոցիոլոգիական հարցման տվյալներին, ըստ որոնց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան» խոստացող Սամվել Կարապետյանի միջև ընտրություն կատարելու դեպքում ընտրողների 33 տոկոսը կընտրեր Փաշինյանին, 34-ը՝ Կարապետյանին, Մելքոնյանը նկատեց․ «Ուժեղ Հայաստանը հիմա է՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ. նախաստորագրվել է խաղաղության պայմանագիր, երկու տարի կլինի արդեն, որ խաղաղություն է տիրում, զոհեր չունենք, և ԱՄՆ-ի նման պետությունն էլ, որի հետ ունենք համաձայնագրեր, ներդրումներ է անելու մեր երկրում։ Ցանկացած երկիր կերազեր, որ ԱՄՆ-ն ոտքը դներ իր տարածք։ Եվ ԱՄՆ-ն արդեն հողի վրա Հայաստանում է։ Էդ կապիկություններն էլ որ Սամվել Կարապետյանենք անում են՝ էլ փաստաբան Ամստերդամ են բերում, էլ հրեա փիառշիկ, էլ տղա, չեն կարողանալու ոչ մի բանի հասնել, մեր ժողովուրդն ամեն բան լավ հասկանում է»։
Գագիկ Մելքոնյանի հետ խոսել ենք նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից ունեցած ակնկալիքներից և այլ թեմաներից։
Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում
![]()