![]()
Երևանում գործող «Ռոսիա» տոնավաճառի շուրջ վերջին օրերին տեղի ունեցածը կարելի է համարել աշխատանքային հարաբերությունների քաղաքակիրթ կարգավորման հազվադեպ, բայց չափազանց կարևոր օրինակ։
Տոնավաճառի աշխատակիցները, ունենալով մտահոգություն տարածքի հնարավոր ապագայի վերաբերյալ, խաղաղ և կազմակերպված ձևով իրականացրին իրենց բողոքի իրավունքը՝ առանց միջադեպերի, առանց աղմուկի ու սադրանքների։
Աշխատակիցների մտավախություն ունեին որ հնարավոր վերանորոգումից հետո տարածքը կարող է տրամադրվել բրենդային խանութների։ Սակայն «Ռոսիա» տոնավաճառի սեփականատեր հանդիսացող Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի ներկայացուցիչները բավական հստակ և քաղաքակիրթ ձևով արձագանքեցին բարձրացված հարցերին՝ նշելով, որ վերանորոգումը նախատեսվում է միայն 4-5 ամիս անց, իսկ դրանից հետո տարածքի օգտագործման նախապատվության իրավունքը կտրվի հենց գործող աշխատակիցներին։
Ուշագրավն այստեղ ոչ միայն պարզաբանումների բովանդակությունն էր, այլ ամբողջ գործընթացի մշակույթը։ Մի կողմից՝ աշխատակիցները ազատորեն և առանց խոչընդոտի իրացրին իրենց աշխատանքային իրավունքը՝ նույնիսկ բողոքի ձևով, մյուս կողմից՝ տարածքի սեփականատերերը չխուսափեցին երկխոսությունից և հարգալից վերաբերմունք ցուցաբերեցին իրենց աշխատակիցների նկատմամբ։
Սա մի օրինակ է, որը Հայաստանում երկար տարիներ գրեթե չի եղել ընդունված պրակտիկա՝ գործատու–աշխատակից հարաբերություններ, որոնք կարգավորվում են ոչ թե լարվածությամբ կամ ճնշմամբ, այլ բաց հաղորդակցությամբ և փոխադարձ հարգանքով։ Տվյալ իրավիճակը նաև ցույց տվեց, որ Սուքիասյանների ընտանիքը բավական պատասխանատու և հարգալից մոտեցում ունի իր աշխատակիցների հանդեպ, իսկ վերջիններս՝ գիտակցում են իրենց իրավունքները և կարողանում են դրանք պաշտպանել քաղաքակիրթ ճանապարհով։
Ցավոք, ինչպես հաճախ է լինում, որոշ ուժեր, սադրիչներ և ֆեյք էջեր փորձեցին այս դրական օրինակից ևս շահ քաղել՝ աղավաղելով իրականությունը և հերթական անգամ «ցեխ շպրտելով»։ Սակայն փաստերը մնացին փաստեր՝ խաղաղ բողոքի ակցիա, կառուցողական արձագանք և փոխըմբռնման մթնոլորտ։
Այս պատմությունը կարևոր է նաև մեկ այլ տեսանկյունից։ Այն ցույց տվեց, որ Հայաստանում հնարավոր է սոցիալական լարվածության թեմաները լուծել առանց արհեստական սրացումների։ Երբ աշխատակիցների ձայնը լսելի է, իսկ գործատուն պատրաստ է բաց ու անկեղծ բացատրությունների, բողոքն ինքնին դադարում է լինել հակամարտություն և վերածվում է երկխոսության։ Սա այն մշակույթն է, որի պակասը տարիներ շարունակ զգացել ենք տարբեր ոլորտներում։
Բացի այդ, «Ռոսիա» տոնավաճառի շուրջ ստեղծված իրավիճակը փաստացի հերքեց այն տարածված թեզը, թե բիզնեսն ու աշխատակիցները Հայաստանում մշտապես հակադիր ճամբարներում են։ Այս դեպքում երկու կողմերն էլ գործեցին պատասխանատվությամբ՝ հասկանալով, որ խնդրի լուծումը շահեկան է բոլորի համար։ Այդ հանգամանքն ինքնին ձևավորում է վստահության մթնոլորտ, որը ցանկացած առողջ աշխատանքային միջավայրի հիմքն է։
Թերևս, հենց նման օրինակներն են, որ պետք է տեսանելի դարձնել ու արժևորել որպես նորմ, ոչ թե բացառություն։
![]()