ՌԴ-ն սկսում է հասկանալ, որ ՀՀ-ն գնալու տեղ ունի և փորձում է փափուկ բարձ դնել ՀՀ-ի գլխի տակ՝ պահպանելով սպառնալից տոնը. Ռոբերտ Ղևոնդյան

«Բավական արդյունավետ այցելություն էր, վերջին շրջանում հաստատված այն միտումը, որ հայ պաշտոնյաները ռուս իրենց գործընկերների հետ շփվելիս փորձում են բարձրացնել հարցեր, որոնք հետաքրքրում են ՀՀ-ին, շատ կարևոր է, որովհետև նախկինում մենք հիմնականում տեսնում էինք պատասխաններ ռուսների կողմից հնչած մտահոգություններին, բայց չէինք տեսնում մեր կողմից մտահոգություններ: Ալեն Սիմոնյանը կարողացավ պաշտապնել ՀՀ-ի հիմնական հետաքրքրություններն այս այցի ընթացքում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ՌԴ այցին և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Խոսելով Սիմոնյանի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը՝ Ղևոնդյանը նշեց. «Ռուսաստանն այնպիսի պետություն չէ, որ կարող է ինչ-որ մի լրագրող կամ պատգամավոր կարծիք հնչեցնել, որը չեն ընդունում Կրեմլում, ընդհակառակը՝ նրանք բոլորն ուղղորդվում են Կրեմլից և նրանց բոլորի խոսքը պետք է գնահատել որպես Կրեմլի կողմից գոնե հավանության արժանացած տեսակետ, եթե ոչ ամբողջությամբ թելադրված, Սիմոնյանի հարցադրումները տեղին էին: Լավրովն էլ խոսեց ՌԴ-ի մտահոգություններից, այստեղ դերերը հավասարվել են և Ռուսաստանի մտահոգություններին Հայաստանը պատասխանում է իր մտահոգություններով»:

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանում դեռևս ամբողջապես չեն հասկացել, թե Հարավային Կովկասում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին հինգ-վեց տարիների ընթացքում. «ՌԴ-ում դեռևս կարծում են, թե իրենք ունեն ազդեցության գոտի մեր տարածաշրջանում և կարող են իրենց շահերն ավելի կարևոր համարվել ՀՀ-ում, քան հենց Հայաստանի շահերը, Ռուսաստանում սկսել են մի փոքր հասկանալ, որ այնուամենայնիվ ՀՀ-ն գնալու տեղ ունի և հանկարծ կարող է այն պետությունը, որ իրենք համարում էին իրենց գրպանում դրված՝ դուրս գալ»:

Ղևոնդյանն ընդգծեց, որ չնայած Լավրովը տարօրինակ համարեց հիբրիդային գործողությունների մասին խոսքերը, բայց հենց իր խոսքում հիբրիդային գործունեության տարրեր օգտագործեց. «Նա ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ԵԱՏՄ և ԵՄ անդամակցությունները համատեղելի չեն, այն դեպքում, երբ բոլորն էլ հասկանում են, որ դրանք համատեղելի չեն մեկ պետության դեպքում: Պարոն Լավրովը փորձում է նորից մանիպուլյացիաների դիմել և այսպիսով հենց ինքը դառնում է հիբրիդային գործողություններ իրականացնող պաշտոնյաներից մեկը: Նա մի կողմից պետք է սպառնար Հայաստանին, ինչը փաստացի արեց՝ հայտարարելով, թե ԵԱՏՄ-ից դուրս կգաք, եթե ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնեք, մյուս կողմից էլ փորձում է փափուկ բարձ դնել Հայաստանի գլխի տակ՝ պահպանելով սպառնալից տոնը: Մոսկվայում հասկանում են, որ ձևավորված միջազգային հարաբերությունների պայմաններում Ռուսաստանը շատ մեծ գործիքներ չունի ՀՀ-ի որոշումների վրա ազդելու: Միայն ԵԱՏՄ-ից հանելու սպառնալիքը կամ տնտեսական որոշակի պատժամիջոցներն են մնացել, որոնք ՌԴ-ն կարող է օգտագործել ՀՀ-ի նկատմամբ»:

Ինչ վերաբերում է ռուս լրագրողների կողմից ՀՀ ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերին և Սիմոնյանի պատասխանին՝ Ղևոնդյանը նշեց. «Քանի որ հարցերը հնչում էին լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից, ապա գոնե արտաքնապես Հայաստանը չի կարող մեղադրել ՌԴ-ին Հայաստանի ներքին կյանքին խառնվելու մեջ: Հետաքրքիր տպավորություն է ստեղծվում, կարծես Սիմոնյանը պատասխանում էր ոչ թե Ռուսասատանի մեդիայի ներկայացուցիչների հարցերին, այլ ՀՀ-ում ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների հարցերին, հարցերը շատ նման էին իրար: Ալեն Սիմոնյանն էլ ուղղեց նրանց սխալները, հերքեց պնդումները»:

Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ՀՀ-ն փորձում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հավասարակշռել. «Սուբյեկտայնության բարձրացման որոշակի նշաններ կան: Հարցն այն է, որ նախկինում ակնհայտորեն խաթարված կողմերի միջև փոխհարաբերություններում շատ մեծ տարբերությունը ներկա իշխանությունները փորձում են հավասարակշռել, ինչը որոշակի առումով արդեն սկսել է ստացվել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ