![]()
Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկան Հայկ Հակոբյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:
«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը երկու ամսով:
Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել, որում ոստիկանը քաղաքացուն հայհոյում է, վիրավորում և հարվածում՝ տեղեկություն ստանալու համար: Դեպքը տեղի է ունեցել շուրջ 4-5 ամիս առաջ, սակայն նոր է հանրայնացվել: Թե ով է նկարել գործողությունները, հստակ հայտնի չէ, ըստ որոշ պնդումների՝ նույն սենյակում գտնվող մեկ այլ ոստիկան: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նվաստացման ենթարկվող քաղաքացին կասկածյալի հայր է, իսկ ոստիկանը՝ քրեական հետախուզության օպերլիազոր Հայկ Հակոբյանը:
ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանի մասնակցությամբ տարածված տեսանյութի վերաբերյալ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։
Ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
![]()