![]()
«Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն։
Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն:
Հարցին, թե կարգալույծ հռչակված քահանաներին 700 հազար դրամ աշխատավա՞րձ է առաջարկվել գնդերեց աշխատելու համար, Պապիկյանը նշել է․
«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց նախարարի հրամանը, որը մենք հրապարակել էինք, բացահայտում է, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»։
Պապիկյանը նաև հավելել է, որ այս թեմային առնչվող ամեն բան հրապարակային է:
![]()