Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2026 թվականին Հայաստանում նախատեսված խոշոր միջազգային մարզական մրցաշարերի կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Քննարկվել են հրաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հիմնական հարցերը։

Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, ինչպես նաև պետական և մարզական մի շարք կառույցների ներկայացուցիչներ։

Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արդեն իսկ մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թեև Կառավարությունը վերջին տարիներին կուտակել է միջազգային խոշոր մարզական մրցաշարերի կազմակերպման զգալի փորձ, այդուհանդերձ անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հրաձգություն մարզաձևի առանձնահատկություններին։ Նախարարը կարևորել է բոլոր ներգրավված կառույցների համատեղ և համակարգված աշխատանքը՝ մրցաշարի անխափան ընթացքի և անվտանգային հարցերի ապահովման նպատակով։

Նիստի ընթացքում քննարկվել են առաջնության անցկացման համար մարզագույքի ներկրմանը, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համապատասխան կահավորմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը վերաբերող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև առաջնության տարբերանշանի ընտրությանը, կամավորների ներգրավմանը, քաղաքի կենտրոնական հատվածներում երկրպագուների համար ֆան-գոտիների ստեղծմանը, հետհաշվարկի ժամացույցի տեղադրմանը, մրցումների հեռարձակման ապահովմանը, ինչպես նաև տոմսերի վաճառքի կազմակերպմանը։

Ամփոփելով նիստը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին արդյունավետ և համագործակցային աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նման մասշտաբային մրցաշարերի հաջող կազմակերպման հարցում միջգերատեսչական համատեղ ջանքերի ներդրումն ու ժամկետների պահպանումը կարևոր են։

Միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են Ներքին գործերի և Առողջապահության նախարարությունների, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև մի շարք այլ կառույցների ներկայացուցիչներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ