«Ինչքան ուզես, էդքան խփեմ՝ 100-ից 90, 80, 70, 60»․ Տաշիր Սամոն՝ Սերժի հետքերով

Ժամանակին հայտնի կարգախոսը՝ «պայքար, պայքար մինչև վերջ», Սամվել Կարապետյանի՝ քաղաքականություն մտնելուց հետո տրանսֆորմացվել է «ձևիստ, ձևիստ մինչև վերջ»-ի։  «Մեր ձևով»-ի համակարգող Նարեկ Կարապետյանը որոշել է հենց այս մաներան որդեգրել՝ ներկայացնելով իրենց շարժմանը վերաբերող ցանկացած բան, այդ թվում՝ սոցհարցման տվյալները։ Կարապետյանը, ինչպես հայտնի է, իր էջում հրապարակել է հորեղբոր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշների վերաբերյալ  սոցհարցում իրականացրած ընկերության կայքի հղումը։ Եվ, ուշադրություն,  որպեսզի հետազոտությանը ավելորդ կշիռ,  ազդեցիկություն հաղորդի, հատուկ հրապարակել է կայքի անգլերեն տարբերակի հղումը։ Նպատակն ակնհայտ է՝ տպավորություն ստեղծել, որ ընկերությունը՝ «Էմպիրիկա» ՍՊԸ-ն, միջազգային հեղինակավոր կառուց է, դրա հետազոտությունները ավելի քան արժանահավատ են։

 Երիտքաղգործիչը, ենթադրում ենք, նման տրյուկի է դիմել՝ հաշվի առնելով «հայկական սոցիոլոգիայի» հեղինակազուրկ լինելը, որում, նկատենք, մեծ է  ահարոնադիբեկյանների ներդրումը։

Մենք ուսումնասիրեցինք ընտրողների քաղաքական նախընտրությունները գնահատած, նույնն է թե՝ Փաշինյանի և Կարապետյանի վարկանիշը չափած ընկերության կայքէջը։  Նշենք, որ ըստ հիշյալ հետազոտության՝ ընտրողների 33 տոկոսը կքվեարկեր Նիկոլ Փաշինյանի, 34 տոկոսն էլ՝ Սամվել Կարապետյանի օգտին, եթե  ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև: Հարկ է նկատել, որ ընկերության կայքում չգտանք հետազոտության տվյալները (կայքում, սակայն, նշված է, որ ընկերությունը իրականացրել է մասնավորապես Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների էքզիթ-պոլ, վարկանիշի ուսումնասիրություն և այլ պրոյեկտներ)։ Անգամ Նարեկ Կարապետյանը չի հրապարակել հարցման տվյալները՝ փաստաթղթային տեսքով, ինչը կապացուցեր նման հարցման իսկությունը։ Ներեցեք, բայց զանազան սոցհարցումներ՝ այս կամ այն թեկնածուին վերագրելով կամայական բարձր տոկոսներ, կարելի է օրումեջ հրապարակել՝ հղում անելով ինչ-որ սոցիոլոգիական կենտրոնի։

Նշենք, որ ըստ պետռեգիստրի՝ «Էմպիրիկա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014-ին, դրա 100 տոկոս բաժնետերը Մարիամ Մխիթարյանն է։ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն  Երևանում է՝ Վարդանանց փողոցում։

Հ․Գ․ Սամվել Կարապետյանի 34 տոկոսանոց վարկանիշի մասին այս խորհրդավոր հետազոտությունը մեզ հիշեցրեց Սերժ Սարգսյանի վարկանիշի վերաբերյալ հայտնի սկանդալը։  Nouvelles d’Arménie ամսագիրը, հիշեցնենք, 2013-ին հետաքննական  հոդված էր  հրապարակել՝ մի շարք բացահայտումներ անելով Հայաստանում իրականացված հարցումների և այլնի մասին: Ըստ հոդվածի՝ Սերժ Սարգսյանը  դեռ 2006թ. ամերիկյան Burson-Marsteller PR ընկերությանը պատվիրում է իր վարկանիշի բարձրացումը, որի համար վճարվում է ավելի քան կես միլիոն դոլարով: Ուշագրավ է, որ այդ ընկերության հաճախորդների թվում են եղել Ռումինիայի բռնապետ Չաուշեսկուն, 1980-ականների արգենտինյան խունտան, Ինդոնեզիայի բռնապետ Սուհարտոն և այլք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ