«Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ». «Մեր ձևով» շարժման հետ կապվող սոցհարցումները գովազդվում են անհայտ էջերով․ FIP

FIP-ը գրում է․ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սոցիալական ցանցերում ակտիվորեն գովազդվում են քաղաքական բովանդակություն պարունակող սոցհարցումներ, որոնք տարածվում են ֆեյսբուքյան անհայտ և հանրային գործունեությամբ աչքի չընկնող էջերի միջոցով։ «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ հարցումների կառուցվածքը և բովանդակությունը սերտորեն համընկնում են Նարեկ Կարապետյանի ղեկավարած «Մեր ձևով» շարժման քաղաքական օրակարգի հետ։

Այսպես, այդ հարցումները նախ հիմնականում անցկացվում են տարբեր անհայտ էջերի միջոցով։ Դրանցից մեկը Armenian Sociology (դոմեյն՝ armeniaopinion.com-խմբ․) անվանումով ֆեյսբուքյան էջն է։

Էջը ներկայանում է որպես սոցիոլոգիական հարցումներ իրականացնող հարթակ: Meta-ի տվյալները ցույց են տալիս, որ Armenian Sociology անվանումով էջը ստեղծվել է 2025 թվականի փետրվարի 4-ին և սկզբնական շրջանում գործել է «Tremendous Unwilling» անվան տակ։ Հետագայում՝ 2025 թվականի մայիսին, էջը երկու անգամ անվանափոխվել է՝ դառնալով Sociology world, իսկ նույն տարվա հոկտեմբերի 27-ին ստացել է ներկայիս՝ Armenian Sociology անվանումը։ Էջի բազմակի անվանափոխությունները հիմնականում բնորոշ են գովազդային տեխնիկական էջերին։

Բացի այդ, էջի թափանցիկության բաժնում նշվում է, որ այն կառավարող անձանց առաջնային երկրները ներառում է Միացյալ Նահանգները։ Էջում, սակայն, որևէ հրապարակային բացատրություն կամ տեղեկատվություն չկա այն մասին, թե ովքեր են հարցումների նախաձեռնողները, ինչ կազմակերպության կամ թիմի կողմից են դրանք իրականացվում և ինչ կապ ունեն Հայաստանի հետ։

Իսկ այն, որ կապ ունեն հայաստանյան միջավայրի հետ, հուշում են գովազդի տակ տարածվող երիտասարդների լուսանկարները՝ հայկական եռագույնով, ու դրանց վրա գրված կոչերը՝ «Հա՞յ ես, հա՞յ ես։ Մասնակցեք հարցմանը։ Կարևոր է», «Դու Հայաստանի՞ց ես։ Անցիր հայաստանցիների հարցումը», «Հարցում միայն հայ կանանց համար», «Հարցում Հայաստանի բնակիչների համար» և այլն։

Բացի այս էջից, «Մեր ձևովը» հարցումներ է գովազդում նաև մեկ ուրիշ՝ «Caldwell Charles Daniel» անվանումով էջի միջոցով։ Ձեռագիրը դարձյալ նույնն է՝ ժպտացող երիտասարդների պատկերների կողքին հարց է հնչում՝ «Ապրո՞ւմ ես Հայաստանում, անցիր այս հարցումը»։ Այս էջը կառավարող անձանց առաջնային երկիրը Միացյալ Թագավորությունն է։

«EtherealLink» անվանումով ֆեյսբուքյան էջում ևս հնարավոր է հանդիպել հարցը՝ «Ապրո՞ւմ եք հիմա Հայաստանում, անցեք հարցումը հղման միջոցով»։ Ի դեպ, այդ հարցումը գովազդող աղջիկը նաև արաբերենով գովազդ ունի այս էջի գովազդային գրադարանում։

Ինչո՞ւ են ընտրվել անհայտ էջեր

Սովորաբար ոչինչ չասող անվանումով կամ չեզոք էջերը ֆեյսբուքում թույլ են տալիս թաքցնել քաղաքական աղբյուրը։ Եվ իսկապես, այս հարցումների որևէ հատվածում չի նշվում առանցքային տեղեկություն՝ ում պատվերով է անցկացվում այն, և միայն հարցերի բովանդակությունն է հուշում, որ այն սերտ կապ ունի Նարեկ Կարապետյանի ղեկավարած «Մեր ձևով» շարժման հետ։

Անհայտ էջերի գովազդները ակտիվ են Meta Ad Library-ում և ունեն տարբեր Library ID-ներ, ինչը նշանակում է, որ դրանք մասշտաբային, ոչ պատահական արշավներ են։

Նկատենք նաև, որ քաղաքական գովազդի դեպքում Meta-ն պահանջում է՝ գովազդի գրանցում Ad Library-ում, ինչպես նաև որոշ դեպքերում՝ քաղաքական հովանավորի հիշատակում։

Ներկայացված էջերը, սակայն, չունեն կայուն բովանդակություն, լսարան կամ հանրային գործունեություն և ստեղծվել են բացառապես հարցումների ու քաղաքական գովազդների տարածման նպատակով՝ առանց պատվիրատուի բացահայտման։

Ֆեյսբուքյան հարցումների բովանդակությունը
FIP.am-ի ուսումնասիրության ընթացքում ակամա դարձանք հարցման մասնակից․ հարցման կառուցվածքը, հարցերի բովանդակությունը և դրանց տրամաբանական շարունակականությունը համընկնում են «Մեր ձևով» շարժման քաղաքական օրակարգի հետ։

Ի՞նչ են առաջարկում այդ սոցհարցումները։ «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջին հայացքից դրանք անվարժ հայերենով են, հարցերի տեքստերը լեզվական կառուցվածքով և ոճով հիշեցնում են արհեստական բանականության միջոցով գեներացված բովանդակություն, և նաև ակնհայտ է, որ դրանք կազմել են ոչ պրոֆեսիոնալներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ