Ղարաբաղի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել են 20 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանում հրապարակվում են Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատավճիռները։ Նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, ինչպես ավելի վաղ պահանջել են մեղադրող դատախազները:

Այս ժամկետը պայմանավորված է Ղուկասյանի տարիքով․ մեղադրող կողմը ցմահ ազատազրկումներ է պահանջել միայն 65 տարեկանից ցածր անձանց համար:

20 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը:

Ցմահ ազատազրկման են դատապարտվել Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանն առնչվող գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի՝ կազմելու համար դատավճիռները:

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

Նրանք, ինչպես հայտնի է, մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, դրա բռնի պահպանման և Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ բազմաթիվ այլ հանցագործությունների համար:

Նրանցից ոչ մեկն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ