Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման

Բաքվի դատարանում հրապարակվում են հայ գերիների նկատմամբ ընթացող շինծու դատավարության շրջանակներում դատավճիռները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամաբ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Հիշեցնենք՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանն առնչվող գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի՝ կազմելու համար դատավճիռները:

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

Նրանք, ինչպես հայտնի է, մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, դրա բռնի պահպանման և Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ բազմաթիվ այլ հանցագործությունների համար:

Նրանցից ոչ մեկն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ