Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան

Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացի, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն` միանվագ 1 մլն դրամի չափով։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 5-ի նիստի ժամանակ։

Որոշման մեջ նշվում է, որ նպատակն է երախտագիտության և հարգանքի խորհրդանշական դրսևորում ցուցաբերել այդ անձանց նկատմամբ, որոնք կյանքի մեկ դարը նվիրել են իրենց ընտանիքին, պետությանը, հայրենիքին, աշխատանքին ու հանրությանը։

«Այս նախաձեռնությունը, բացի ֆինանսական բաղադրիչից, բարոյական գնահատանք է մի ամբողջ սերնդի, որն ապրել է մեր ժողովրդի ամենատարբեր կենսափուլերում, այդ թվում՝ ծանր փորձություններով լի ժամանակաշրջաններում` Հայրենական մեծ պատերազմ, հետպատերազմական բարդ շրջան, երկրաշարժ, 1990-ականների ծանր պատերազմական ժամանակահատված, սոցիալ-տնտեսական ու քաղաքական տրանսֆորմացիաներ։ Այս մարդիկ մեր ազգային հիշողության կենդանի կրողներն են, նրանց կենսագրությունը՝ մեր պատմության մի մասնիկը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Այս միանվագ գումարն անձը չի ստանա, եթե կորցրել է կենսաթոշակ ստանալու իրավունքը, գումարը չի վճարվի նաև նրա մահվան դեպքում։ Միանվագ գումար չի տրվի նաև այն անձանց, որոնք Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են այս աջակցությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ