Չենք կարող թույլ տալ այնպիսի գովազդ կամ բովանդակություն, որը վնասում է քաղաքացիների ֆիզիկական և հոգևոր առողջությանը. Տիգրան Հակոբյան

«Վերջին տարիներին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը զգալիորեն ավելացրել է վերահսկողական վարույթների քանակը»,- մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ միայն 2025 թվականին հանձնաժողովը նախաձեռնել է 84 վարչական վարույթ, մինչդեռ 2011-2018 թվականների ընթացքում դրանց թիվը կազմել է ընդամենը 15։

«2019 թվականից մինչև նախորդ տարի մենք նախաձեռնել ենք մոտ 400 վարույթ, որոնց արդյունքում որոշ լրատվամիջոցներ ենթարկվել են պատժամիջոցների՝ ֆինանսական տուգանքներից մինչև հաղորդումների կասեցում»,– նշեց Հակոբյանը։

Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ իրականացվող վարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանը։

«Վարույթների մի մասը վերաբերում է հեղինակային իրավունքի խախտումներին։ Սա մեզ համար կարևոր է, քանի որ Հայաստանն ունի նաև միջազգային պարտավորություններ։ Երբ տնտեսավարող սուբյեկտները ծախսեր են կատարում՝ բովանդակություն ձեռք բերելու կամ արտադրելու համար, և որևէ հեռարձակող առանց պայմանագրի սկսում է այդ բովանդակության անօրինական տարածում, դա վնաս է հասցնում օրինական գործող սուբյեկտներին»,-ընդգծեց նա։

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ վարույթների մի մասն էլ առնչվում է բռնության տեսարանների ցուցադրմանը, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդին, առանց լիցենզիայի դեղամիջոցների տարածմանը, ինչպես նաև հաղորդումներից առաջ օրենքով սահմանված նախազգուշացումների բացակայությանը։

«Այս պատժամիջոցները հանրօգուտ բնույթ ունեն, քանի որ մենք չենք կարող թույլ տալ այնպիսի գովազդ կամ բովանդակություն, որը վնասում է քաղաքացիների ֆիզիկական և հոգևոր առողջությանը»,-նշեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ