ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան

Հայաստանը` որպես ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), Բնակչության հիմնադրամի (UNFPA) և Ծրագրերի ծառայությունների գրասենյակի (UNOPS) Գործադիր խորհրդի նոր անդամ, մասնակցել է Գործադիր խորհրդի առաջին հերթական նստաշրջանին։

Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարություններով՝ ՄԱԿUN80 նախաձեռնության, ինչպես նաև ՄԱԿ Զարգացման ծրագրի ադմինիստրատորի և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի Գործադիր տնօրենի հետ հանդիպումների շրջանակներում։

Հայաստանը ընդգծել է, որ ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետությունների կողմից առաջնորդվող, գործնական և տվյալների վրա հիմնված՝ միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունն ու ազդեցությունը և ապահովելով ծրագրային երկրների համար հուսալի աջակցություն։ Բարեփոխումները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների տեղում՝ համահունչ ազգային առաջնահերթություններին։

Առանձնակի ընդգծվել է UNDP-ի կենտրոնական դերը ինտեգրված և արձագանքող զարգացման լուծումների գործում, հատկապես հատուկ իրավիճակում գտնվող և միջին եկամուտ ունեցող երկրների համար։

Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNFPA-ի աշխատանքին, մասնավորապես հումանիտար և զարգացման ոլորտներում օգնության տրամադրման ուղղությամբ։ Շեշտվել է UNFPA-ի դերը կանանց և երիտասարդների հզորացման, գենդերային բռնության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման և խոցելի խմբերին աջակցման գործում։

Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը առաջիկա տարիներին Գործադիր խորհրդի աշխատանքներին կառուցողական ներգրավվածություն ունենալու հարցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ