Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում առաջընթացը պատմական շրջադարձային․ Տոկաև

Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացը պատմական շրջադարձային կետ է։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիրներին ուղղված տեսաուղերձում։

Նա նշել է, որ նման քաղաքականությունը բացառիկ բարոյական և քաղաքական նշանակություն ունի այն ժամանակներում, երբ աշխարհը գնալով մասնատվում է։

«Խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի արձանագրած առաջընթացը պատմական շրջադարձային կետ է: Այն ցույց է տալիս, որ նույնիսկ երկարատև հակամարտությունները կարող են լուծվել երկխոսության, պատասխանատվության և զսպվածության միջոցով։

Հակամարտություններով և բաժանումներով նշանավորված դարաշրջանում այս փորձը ցույց է տալիս, որ հաշտեցումը նշանակում է ուժ, այլ ոչ թե թուլություն: Ղազախստանի համար Ադրբեջանը և Հայաստանը մտերիմ, եղբայրական երկրներ են: Մենք բարձր ենք գնահատում մեր երկրի նկատմամբ ցուցաբերված վստահությունը, այդ թվում՝ Ալմաթիում խաղաղության բանակցությունների կարևոր փուլի հյուրընկալումը: Սա հաստատում է մեր ընդհանուր սկզբունքը, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը երկխոսությունն է։

Ղազախստանը մշտապես աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ամրապնդում են խաղաղությունը, վստահությունը և համագործակցությունը Եվրասիայում և ամբողջ աշխարհում: «Զայեդի» մրցանակը կրում է հզոր բարոյական ուղերձ: Այն վերահաստատում է, որ եղբայրությունը համընդհանուր սկզբունք է և գործնական հիմք՝ անվտանգությունը, զարգացումը և մարդկային արժանապատվությունը ապահովելու համար: Այս մրցանակը մարմնավորում է Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի ժառանգությունը, որը հիմնված է հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության վրա»,- նշել է Տոկաևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ