ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունը

Փետրվարի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, պաշտոնատար այլ անձինք։


Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում՝ ընդգծելով ձևավորված բարեկամական և վստահելի գործընկերության, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման և հետագա ընդլայնման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են նաև ռազմարդյունաբերության ոլորտում արդեն մեկնարկած համագործակցությանը և համատեղ նախագծերին՝ կարևորելով դրանց հետևողական զարգացումն ու ընդլայնումը, քննարկվել են նաև գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունները։

Գեներալ Անիլ Չաուհանն իր հերթին ներկայացրել է Հնդկաստանի կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև առկա նորարարական ու ստարտափ նախաձեռնությունները՝ վերահաստատելով պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Ամփոփելով հանդիպումը՝ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների շարունակման շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ