![]()
Փետրվարի 3-ին Երևանում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը:
Հրապարակվել է համատեղ մամուլի հաղորդագրություն՝ ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երրորդ նիստի արդյունքներով, որում ասված է․
«Այն վերահաստատել է ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական ձգտումները և համատեղ հանձնառությունը՝ արտաքին անվտանգային և պաշտպանական քաղաքականության շրջանակում համագործակցության և մոտարկման առաջմղման հարցում։
Ընդգծվել է նաև քաղաքական և անվտանգային հարցերում շարունակական, կառուցվածքային փոխանակումների կարևորությունը՝ որպես ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևոր հիմնասյուն:
Կողմերը ողջունել են երկկողմ հարաբերություններում առկա նշանակալի պահը՝ ի հաջորդումն 2025թ. դեկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ -ՀՀ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի հաջողության և ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունման, ինչը հավակնոտ քաղաքական ուղենիշ է սահմանում քաղաքական, անվտանգային և այլ ոլորտներում համագործակցության խորացման համար։ Կողմերն ընդգծել են 2026-ի մայիսին Երևանում նախատեսված ԵՄ-ՀՀ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել Ռազմավարական օրակարգի անվտանգային և պաշտպանական ուղղությունների իրականացման վերաբերյալ: Այս համատեքստում նրանք արձանագրել են ԵՄ ճգնաժամային առաքելություններին և գործողություններին Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանող համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու հանգամանքը։ Կողմերն արձանագրել են նաև Հայաստանի դիմակայունության ու անվտանգության հարցում ԵՄ արժեքավոր ներդրումը, ինչպես, օրինակ՝ Եվրոպական միության առաքելության ներկայությունը Հայաստանում և Եվրոպական քաղաքական գործիքի շրջանակներում աջակցությունը, որը 2024թ. ի վեր կազմում է 30 միլիոն եվրո:
Երկխոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հիբրիդային, կիբեր և տեղեկատվական տիրույթին առնչվող սպառնալիքներին։ Հայաստանը և Եվրոպական միությունը համաձայնել են շարունակել համագործակցությունն այս ոլորտում Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին ուղղված վնասարար միջամտություններին հակազդելու նպատակով:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տարածաշրջանային կապակցվածության խթանման հարցում կողմերի համատեղ հանձնառությունը։
ԵՄ իր հաստատակամ աջակցությունն է հայտնել այս երկու գործընթացներին՝ տարածաշրջանում բոլոր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների հարգմամբ։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես միջտարածաշրջանային և անդրտարածաշրջանային կապերի ընդլայնմանն ուղղված կարևոր շրջանակի, որը համապատասխանում է նաև ԵՄ «Գլոբալ դարպասներ» օրակարգին։ Կողմերը քննարկել են «ԹՐԻՓՓ ուղու» գործարկման ուղղությամբ վերջերս տեղի ունեցած զարգացումները:
ԵՄ ողջունել է Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության շրջանակներում արտահայտված դիրքորոշումներին միանալու աճող ցուցանիշն ու միջազգային անվտանգության հարցերում մշտական ներգրավվածությունը և կխրախուսի այդ մոտարկման ցուցանիշի հետագա աճը:
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը՝ որպես գործըներության առանցքային տարրերի։ ԵՄ վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին։
ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային երկխոսության հաջորդ նիստը տեղի կունենա 2027թ. Բրյուսելում:
Նիստը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ/քաղաքական տնօրեն Օլոֆ Սկուգը»:
![]()