ՄԻՊ-ը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացու նվաստացման դեպքին. ինչ քայլեր են ձեռնարկվել

Ոստիկանության ծառայողի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:

Քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը:

Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,- ասվում է ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ ոստիկանի մասնակցությամբ տարածված տեսանյութի վերաբերյալ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել, որում ոստիկանը քաղաքացուն հայհոյում է, վիրավորում և հարվածում՝ տեղեկություն ստանալու համար: Դեպքը տեղի է ունեցել շուրջ 4-5 ամիս առաջ, սակայն նոր է հանրայնացվել: Թե ով է նկարել գործողությունները, հստակ հայտնի չէ, ըստ որոշ պնդումների՝ նույն սենյակում գտնվող մեկ այլ ոստիկան: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նվաստացման ենթարկվող քաղաքացին կասկածյալի հայր է, իսկ ոստիկանը՝ քրեական հետախուզության օպերլիազոր Հայկ Հակոբյանը:

Դատախազությունից ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ տեղեկացրել են, որ տարածված տեսանյութի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը ստացվել է և օրենքով սահմանված կարգով ընթացք տրվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ