![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել էր Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի։ Երևանում «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը, մրցանակի հանձնաժողովի անդամներ Շառլ Միշելն ու Մուսա Ֆակի Մահամաթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին փոխանցել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդ» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։
Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հայտնել էինք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու մրցանակաբաշխությանը:
Այս մրցանակը կոչվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի պատվին և ճանաչում է անհատների ու կազմակերպությունների՝ անկախ նրանց ծագումից կամ գտնվելու վայրից, որոնք անշահախնդիր և անդադար աշխատում են մարդկային եղբայրությունն առաջ մղելու և խաղաղ համակեցության համար նշանակալի առաջընթաց ապահովելու ուղղությամբ։
Մրցանակի հիմնադրումից ի վեր՝ 2019 թվականից, այն արդեն ճանաչել է 16 մրցանակակրի 15 երկրից։ Մրցանակի ստեղծումը հաջորդել է Աբու Դաբիում տեղի ունեցած պատմական հանդիպմանը Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդ, հանգուցյալ Նորին Սրբություն Պապ Ֆրանցիսկոսի և Ալ-Ազհարի մեծ իմամ, Նորին գերազանցություն Ահմեդ Ալ-Թայեբի միջև, որի ընթացքում նրանք համատեղ ստորագրել են Մարդկային եղբայրության փաստաթուղթը։
Նախորդ մրցանակակիրների թվում են Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ Ալ-Թայեբը, հանգուցյալ Պապ Ֆրանցիսկոսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ծայրահեղականության դեմ պայքարի ակտիվիստ Լաթիֆա Իբն Զիաթենը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Նորին Մեծություններ Թագավոր Աբդալլահ Երկրորդը և Թագուհի Ռանիա Ալ Աբդալլահը, Հայիթիի «Գիտելիք և ազատություն» հիմնադրամը, «Սանտ’Էջիդիո» համայնքը, քենիացի խաղաղարար Շամսա Աբուբաքար Ֆադիլը, ինդոնեզական բարեգործական կազմակերպություններ Նահդլաթուլ Ուլաման և Մուհամմադիյան, աշխարհահռչակ սրտաբան, պրոֆեսոր Սըր Մագդի Յակուբը, չիլիական հասարակական գործիչ, քույր Նելի Լեոն Կոռեան, Բարբադոսի վարչապետ Միա Ամոր Մոթլին, սննդային օգնություն տրամադրող World Central Kitchen կազմակերպությունը և երիտասարդ գիտնական Հեման Բեքելեն։
![]()