![]()
Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Հայաստանի վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու համար:
Այդ առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրել է. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ խորապես գնահատում եմ ինչպես իմ եղբայր Իլհամ Ալիևի կողմից երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերը, այնպես էլ պարոն Փաշինյանի ցուցաբերած վճռական կամքը: Հուսով եմ, որ 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը օգուտ կբերի ամբողջ մարդկությանը»։
Իրենց շնորհավորանքներն են հղել Կենտրոնական Ասիայի հանրապետությունների՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի ղեկավարները:
«Սրտանց շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ ստանալու կապակցությամբ: Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Նորին վսեմություն Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանին՝ այդ արժեքների պահպանման հետևողական հանձնառության համար»,- գրել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան նախագահ, Նորին մեծություն Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյան, ինձ համար մեծ պատիվ է ամբողջ սրտով շնորհավորել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Միջազգային մարդկային եղբայրության մրցանակ շնորհելու կապակցությամբ»,- հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը:
«Հարգելի Իլհամ Հեյդարի, սիրելի Նիկոլ Վովայի։ Ամբողջ սրտով շնորհավորում եմ ձեզ՝ 2026 թվականի միջազգային «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի դափնեկիր դառնալու կապակցությամբ»,- գրել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը:
Շնորհավորանքներ է հղել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը. «Այս խորհրդանշական համաձայնագիրը մարմնավորում է մարդկային եղբայրության բուն էությունը, որն այդքան խորապես փառաբանում է «Զայեդ» մրցանակը»:
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը գրել է. ««Զայեդ» միջազգային մրցանակի հոգաբարձուների կողմից դափնեկիրների ընտրությունը ներկայացնում է միջազգային բարձր ճանաչում և հաստատում է խաղաղությանը և մարդկային արժանապատվությանը ծառայող գործերի խոր մարդասիրական արժեքը»։
Դափնեկիրներին իր ջերմ ողջույններ է փոխանցել Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը. «Իմ բարեկամներ, թույլ տվեք փոխանցել Հորդանանի ժողովրդի ջերմ ողջույնները հարգարժան դափնեկիրներին և այս կարևոր իրադարձության՝ 2026 թվականի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնման բոլոր մասնակիցներին։ Ինձ համար մեծ պատիվ է միանալ ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանաչման և մեծարման գործում, ինչպես նաև այն հսկայական ջանքերին ու մարդկանց, որոնց շնորհիվ այն հնարավոր դարձավ»:
![]()