Արդեն 6 ամիս է՝ Հայաստանը և Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիև

Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը։

Հանդիսավոր արարողության ընթացքում Ադրբեջանի նախագահն իր ելույթում նշել է՝ երկու երկրներն արդեն վեց ամիս է՝ խաղաղության մեջ են:

«Ինչպես ես բազմիցս ասել եմ, մենք սովորում ենք։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և դա առանձնահատուկ զգացողություն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո վերջին վեց ամիսները եղել են գործընկերության, համագործակցության և երկարաժամկետ ու կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթացի ամիսներ»,- նշել է նա:

Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործում ունեցած իր ներդրման համար։ «2025 թվականի օգոստոսի 8-ին նա հյուրընկալեց եռակողմ գագաթնաժողով, որը հանգեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը և համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Նախագահ Թրամփը նույնպես այն ստորագրեց որպես վկա՝ այդպիսով վերջ դնելով ավելի քան երեսուն տարի տևած երկարատև, արյունալի և մահացու հակամարտությանը»,- շեշտել է նա։

Նրա խոսքով՝ վերջին վեց ամիսները կարևորագույն նշանակություն են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար։ «Մենք ոչ միայն վերացրինք Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները, այլև սկսեցինք նավթամթերք արտահանել Հայաստան։ Այլ կերպ ասած, վերջին վեց ամիսների ընթացքում մենք համագործակցություն ենք հաստատել։ Այժմ մենք ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները։ Այսօր առավոտյան ես հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ, և մենք քննարկեցինք հաջորդ քայլերը»,- ամփոփել է Ալիևը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ